«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դատապարտում է Հայաստանի Հ1-ին
Գոյաբանական խնդիր լուծող Արցախը զերծ չէ նաև լրացուցիչ հոգեբանական ճնշումներից, որոնք, որքան էլ տարօրինակ ու անցանկալի, գալիս են նաև Հայաստանից: Այս մասին ասվում է Արցախի անվտանգության և զարգացման ճակատի տարածած հայտարարության մեջ:
"Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերից չեն հնչում Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները, իսկ օրերս էլ, ընդհանրապես, Արցախ անվանումը, ինչն անթաքույց ձևով ներդաշնակվում է ադրբեջանական խոսույթի հետ:
Ակնհայտ է, որ նման քաղաքականությունն ակամա քողարկված ձևով տանում է դեպի համակեցության պարտադրանք, ներարկում անընդունելի օրակարգ: Նման մոտեցումը ոտնահարում է արցախահայության իրավունքները և աղավաղում փաստացի կարգավիճակը բնորոշող տերմինաբանությունը:
Կրկնակի անընդունելի է, որ հեռուստաընկերության նման քաղաքականությունը կիսում և չարդարացված հնազանդությամբ իրագործում է նաև հեռուստաալիքի թղթակցական կետն Արցախում:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դատապարտում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նման դիրքորոշումը և կոչ անում` հարգել Արցախի Հանրապետության գործող Սահմանադրությունն ու վերանայել որդեգրված քաղաքականությունը",- ասված է հայտարարության մեջ: