Ի՞նչ քայլերի կդիմեն ռուս խաղաղապահները Բաքվի ագրեսիայի դեպքում. Զախարովայի պատասխանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է VERELQ-ի հարցին, թե ռուս խաղաղապահների հնարավոր գործողություններն ինչպիսին կլինեն, եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություններ սկսել Արցախի դեմ։
«Այդ գործողությունները կհամապատասխանեն տեղում իրավիճակի զարգացմանը։ Եվ դրանք, անշուշտ, համահունչ կլինեն երեք կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասաց նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նույնպես մտահոգություն է հայտնել Արցախում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ և կոչ արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
«Մենք մեր ծայրահեղ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման դեպքերի աճի և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնալով վատթարանում է։ Ցավոք, պետք է արձանագրենք, որ մատակարարումների դադարեցման պատճառով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի պաշարների։ Դա հակասում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին։ Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական գործիչների միջոցով և դիվանագիտական ճանապարհով։ Մենք ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը դրա երկայնքով՝ քաղաքացիական նպատակներով»,- ասել է Զախարովան։