Մեծ քանակությամբ զենք-զինամթերք է ինքնակամ հանձնվել
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում տարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում քաղաքացիները ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենքեր և զինամթերք՝ ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնականետներ, նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, սվին-դանակներ և այլն: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի Ֆեյսբուքի էջից:
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել` զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: