27.11.2024
Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է 54.3 մլն ԱՄՆ դոլար
prev Նախորդ նորություն

Նոր Ղազանչիի վարելահողերի մեծ մասը մնացել է անմշակ՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում, անվտանգության նկատառումներից ելնելով, վարելահողերի մեծ մասը մնացել է անմշակ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանը։


«Պատերազմից հետո գյուղը հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ։ Համայնքին պատկանող վարելահողերը նույնպես գտնվում են թշնամու մարտական դիրքերի թիրախում, և հնարավոր չէ մոտենալ այդ տարածքներին ու մշակել հողը։ Կարողացել ենք շատ քիչ քանակությամբ գարու, հաճարի ու կարտոֆիլի ցանքս կատարել։ Եվ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ձմռան ընթացքում պաշարը չի բավարարելու գյուղացիներին»,-մանրամասնել է Ռ. Առուստամյանը։


Համայնքապետն իրազեկել է, որ շրջափակման պատճառով գյուղում դիզվառելիքի, ալյուրի, ձեթի ու շաքարավազի խնդիր է առաջացել։ Բայց խիստ անհրաժեշտության դեպքում կամ հիվանդներին շտապ Ստեփանակերտի բուժհաստատություններ հասցնելու համար շրջվարչակազմը տրամադրում է անհրաժեշտ դիզվառելիքը։


«Պատերազմից հետո խիստ նվազել է անասնագլխաքանը։ Բնակիչները նախկինի պես չեն զբաղվում հողագործությամբ։ Յուրաքանչյուրը միայն իր տնամերձ հողամասն է մշակում»,-նշել է նա` կարևորելով, որ պատուհասած մարտահրավերները չեն խանգարում, որպեսզի գյուղում նոր ընտանիքներ ձևավորվեն։


Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և հարևան Կիչան, Նոր Ղազանչի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական մարտական դիրքից օրերս հրաձգային զինատեսակներից անկանոն կրակահերթեր էին արձակվել, որի հետեւանքով բնակելի տներ են վնասվել: