Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, որին մասնակցելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր խմբակցություններն այդ մասին համատեղ հայտարարություն են տարածել։
Ընդդիմադիրները հանձնաժողովի նիստին իրենց չմասնակցելը հիմնավորում են նրանով, որ քննիչ հանձնաժողովի ձեւավորումն ինքնին իշխանական մեծամասնության կողմից չի կարող ապահովել անաչառություն, համապարփակություն, քանի որ, ըստ նրանց, իշխող ուժի՝ ճնշող մեծամասնություն ունեցող հանձնաժողովն ի զորու չէ առարկայական քննել սեփական իշխանության, կառավարության գործունեությունը։
Քննիչ հանձնաժողովները ձեւավորվում եւ ձեւավորվել են կամ ընդդիմության, կամ խնդրո առարկա հարցի շուրջ շահերի բախում չունեցող ուժի կողմից, ինչպես եղավ Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրելու պարագայում։ Իշխանությունը քննություն անցկացնելու համար ունի վարչական, իրավական, դատական բոլոր գործիքներն ու հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ համապարփակ, ամբողջական եւ հանրային վստահություն ունեցող, Ազգային ժողովից դուրս, համախոհությամբ եւ համաչափությամբ հանձնաժողով ձեւավորելու համար ընդդիմությունը հադես էր եկել նոր որակի եւ կառուցվածքի քննիչ հանձնաժողով ձեւավորելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ, որն էլ մերժվեց իշխանությունների կողմից։
Ընդդիմադիր խմբակցությունները պնդում են, որ նախապես հայտարարված Փաշինյանի հրապարակային, ուղիղ եթերում ցուցմունք տալու նախաձեռնությունը որեւէ կերպ չի նպաստելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուն, քանի որ հրապարակային վկայությունների պարագայում, անհնար է լինելու պետական, ռազմական, դիվանագիտական գաղտնի տեղեկությունների հրապարակումը, կամ դրանց շուրջ հարցադրումների ներկայացումը։
Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ նշվում է, որ մեկ հարցաքննվողի համար բացառություն անելու դեպքում քննիչ հանձնաժողովը հավասարության համար պարտավոր է հրապարակել բոլոր հարցաքննության ենթարկվածների ցուցմունքներն ու պատասխանները։ Հակառակ պարագայում ստեղծվում են անհավասար պայմաններ եւ քննիչ հանձնաժողովը լինելու է Փաշինյանի քաղաքական թիրախավորումների, «մեղավորներ» նշանակելու հարթակ»։