Լաչինի միջանցքում կա խնդիր, այնտեղ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է. ՔՊ-ական
Մենք արդեն ոչ մեկ անգամ արձանագրել ենք, որ Լաչինի միջանցքում կա խնդիր: Այնտեղ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է եւ մեր արտաքին գերատեսչության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` հունիսի 16-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին:
«Մենք սա գնահատում ենք որպես Ադրբեջանի կողմից սադրանք` խաթարելու գործընթացները: Բայց մենք շարժվելու ենք մեր քաղաքականությամբ եւ ամեն ինչ անելու ենք` զսպելու էսկալացիոն բոլոր ռիսկերը` նաեւ մեր միջազգային գործընկերների ճնման միջոցով»,- ընդգծել է խմբակցության քարտուղարը: Նա եւս մեկ անգամ արձանագրել է, որ միջանցքում վերահսկողություն պետք է իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորախումբը:
Միջադեպի վերաբերյալ արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն չպետք է նոտաներ հղի ռուսական կողմին հարցին ի պատասխան. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է. «Մեր կողմից ցանկացած արձագանք պետք է լինի ՀՀ պետական շահերին չվնասող»:
Ի պատասխան զինանշանի վրա պատկերները փոխելու նախաձեռնություն կլինի՞ իշխանության կողմից, թե՞ ոչ լրագրողի հարցին` Արթուր Հովհաննիսյանը նշել է. «Իշխանությունը որեւէ նախաձեռնությամբ հանդես գալու որոշում չունի»:
Նախորդ օրը խորհրդարանում վարչապետի` զինանշանի վերաբերյալ դիտարկումները պատգամավոր Բաբկեն Թունյանը որակել է որպես տեսակետի ներկայացում: Պատգամավորի խոսքով թե’ զինանշանի, թե’ օրհներգի մասով միշտ խոսակցություններ եղել են ամենատարբեր շրջանակների կողմից: «Եթե մի պահ, օրինակ, պատկերացնենք, որ զինանշանը ներկայացվել էր այսօր, ես համոզված եմ` դահլիճում նստած բոլորիդ մոտ դրա հետ կապված տարբեր կարծիքներ կարող էին լինել»,- ասել է Բաբկեն Թունյանը եւ հավելել, որ դա ամենակարեւոր օրակարգային հարցը չէ:
Պատասխանելով մեկ այլ հարցի` Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա յուրաքանչյուր երկրի սուվերենության, իրավազորության եւ հավասարության սկզբունքներով: «Մենք բազմիցս հայտարարել ենք` ՀՀ-ն որեւէ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ չի տրամադրելու: Սա մեզ համար կարմիր գիծ է»: