26.11.2024
Գլխավոր դատախազը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել հայ ռազմագերիների հիմնահարցը
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովի նախագահին

Հայաստանի նրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:


Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Շատ ենք կարևորում Ձեր այցելությունը Հայաստան: Անկախության շրջանից հետո հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, և դրանք ընդգրկել են տարբեր բնագավառներ: Այս ամենը նպաստել է մեր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը:


Միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը և ակտիվացումը կարևոր է նաև մեր երկրի կառավարման համակարգի բարելավման համար:


Վստահ եմ՝ Ձեր այցելությունը կնպաստի ոչ միայն խորհրդարանական մեր կապերի ամրապնդմանը, այլ նպաստող կլինի Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման համար:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Միխայել Ռոթը նշել է. «Շատ շնորհակալ եմ, պարոն նախագահ, Ձեր հյուրընկալության համար: Այն հարաբերությունները, որ մենք ունենք խորհրդարանականների, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչների հետ շատ լավ և արդյունավետ են, սակայն, կարծում եմ՝ դրանք բավարար չեն այնպիսի ժամանակներում, որոնցում ապրում ենք, մասնավորապես՝ անորոշության, ճգնաժամերի և պատերազմների ժամանակաշրջանում: Ուստի կցանկանայի, որ իմ այս այցն ընկալեիք որպես մի համեստ քայլ, համերաշխության նշան մի երկրի նկատմամբ, որը ժողովրդավարական արժեքներով ընթանում է դեպի եվրոպական համընդհանուր արժեհամակարգերի ընտանիք»:


Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Գերմանիայի միջև անկախությունից հետո հաստատված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:


Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների, Հայաստանի անվտանգային խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ:


Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հստակ դիրքորոշում: Այս կապակցությամբ Միխայել Ռոթը հավաստիացրել է, որ Գերմանիան լիարժեքորեն աջակցում է Հայաստանի և Հայաստանի կառավարության ջանքերին, որոնք միտված են տարածաշրջանային խնդիրների լուծմանն ու վերջնական խաղաղության հաստատմանը:


Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն ընտրել է ժողովրդավարության ուղին և անշեղորեն ընթանում է այդ ճանապարհով:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-գերմանական բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ուղիների վերաբերյալ: