Հայաստանի Հանրապետությունում գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման եւ մատակարարների ու առեւտրային ցանցերի իրավահարաբերությունները հստակեցնելու համար օրենքով նոր կարգավորումներ կսահմանվեն. նշել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Մեր երկրում միջին բիզնեսի շահերը պաշտպանելու, շուկան բարելավելու եւ մրցակցության հետ կապված խնդիրները վերացնելու նպատակով Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են հանձնաժողովի անդամներ Հովիկ Աղազարյանը, Նարեկ Ղահրամանյանը, Հայկ Ցիրունյանը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը եւ մի քանի տնտեսվարողներ:
Գեղամ Գեւորգյանի տեղեկացմամբ կարգավորումը բոլորի գաղափարն է, հաշվի են առնվել թե՛ ՓՄՁ-ների խորհրդի մտահոգությունները, թե՛ բիզնեսի կարիքները, թե՛ տարբեր երկրների փորձը:
«Կարգավորումը հետեւյալն է՝ ՀՀ-ում գյուղմթերք արտադրողների ապրանք գնելու պարագայում պետք է վճարել 30-օրվա ընթացքում, առեւտրային ցանցերը պարենային ապրանքի գնման դեպքում պետք է վճարեն 30 օրվա ընթացքում, ոչ պարենայինի դեպքում` 60 օրվա ընթացքում: Չվճարման չափը մեկ մատակարարի ու մեկ առեւտրային ցանցի համար կարող է լինել ոչ ավելի, քան 3 մլն դրամը»,- հայտնել է ՄՊՀ նախագահը:
Ըստ հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ բիզնեսի տարբեր բնագավառներ ունեն իրենց կարծիքը կարգավորման վերաբերյալ:
Խոշոր տնտեսվարողները՝ առեւտրային ցանցերի ներկայացուցիչները, հայտնել են, որ ուզում են մատակարարված ապրանքի համար վճարումները հնարավորինս ուշ անել: Տնտեսվարողների խոսքով կարգավորումն անհարմարություններ է պատճառելու իրենց. մատակարարներն ու առեւտրային ցանցերը, առանց որոշման էլ, կարողանում են կարգավորել իրենց հարաբերությունները:
Ամփոփելով հանդիպումը՝ Բաբկեն Թունյանը նշել է, որ մինչեւ նախագծի մշակումը նման հանդիպումները շարունակական կլինեն, քանի որ կարեւոր է լսել բոլոր ոլորտների ներկայացուցիչների կարծիքները, որ օրենքի ընդունումից հետո տարընթերցումներ չառաջանան: