Հայտնի է ադրբեջանցու կողմից Սյունիքի մարզում պահնորդի սպանության գործով նիստի օրը
Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի կողմից սպանելու գործը դատարանում է։
NEWS.am-ը «Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում է, որ գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանին։ Այն դռնփակ ռեժիմով քննելու որոշում դեռևս կայացված չէ։ Նախնական դատալսումների օր է նշանակվել հունիսի 9-ին՝ ժամը 16:00-ին։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը: Նրանցից մեկը՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը, հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում: Նրան վնասազերծել էին տեղացիները:
Երկրորդ ադրբեջանցին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովը, հայտնաբերվել էր 3 օր անց՝ Սյունիքի մարզի Աճանան գյուղում: Նրան նույնպես տեղացիներն էին հայտնաբերել ու վնասազերծել:
Դատախազությունը Ագշին Բաբիրովին մեղադրանք է առաջադրել ՔՕ 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահման հատել) եւ 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգություն), իսկ Հուսեյն Ախունդովին՝ 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահման հատել), 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը), եւ 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձնաց կողմից նախնական համաձայնությամբ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Հայտնաբերված երկու ադրբեջանցիներն էլ կալանքի տակ են: