Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը. ԱԳՆ
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից այսօր հետաքրքրվեց սահմանագծման եւ սահմանազատման, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացներից: Նա, մասնավորապես, մտահոգություն հայտնեց առ այն` Ադրբեջանի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ չի հայտնել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քկմ տարածքը:
«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել այն մասին, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քկմ տարածքով, բայց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն ամփոփվել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հայտարարությամբ, որտեղ դա նշվել է, որ երկրները ճանաչել են միմյանց այդ թվերով. Ադրբեջանը ճանաչում է Հայաստանը 29,8 քկմ-ով: Դրանից հետո Ադրբեջանի կողմից հրապարակային կամ ոչ հրապարակային հերքում չի արվել»,- արձագանքելով հարցին նշեց ԱԳ նախարարը: