24.11.2024
Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական բանակցություններում անկլավների հարցով քննարկվում են տարբեր սցենարներ

Հայ-ադրբեջանական բանակցություններում անկլավների հետ կապված կան քննարկումներ, դիտարկվում են տարբեր սցենարներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։


«Բանակցություններում անկլավների հետ կապված քննարկումներ և տարբեր սցենարներ կան։ Ակնհայտ է, որ երբ այդ պրոցեսը հասունանա, կարևոր դերակատարում կունենան իրավական փաստաթղթերը։ Այսինքն՝ որևէ տարածք որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունեն իրավական հիմքեր։ Կարծում եմ՝ այդ ժամանակ գործընկերները կտեսնեն, թե որ տարածքները ինչ իրավական հիմք ունեն։


Մեկ բան ակնհայտ է, որ նման տարածքներ երկու կողմում կան, այսինքն՝ մենք նույնպես ունենք բազմաթիվ այդպիսի հատվածներ։ Ինչպես նաև հատկապես Տավուշի մարզում կան տարածքներ, որոնք 90-ականների պատերազմից հետո Ադրբեջանի տիրապետության տակ են։ Կարծում եմ՝ այդ ամեն ինչը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»,- ասաց Սանոսյանը։


Հարցին, թե ինչ տարածքների մասին է խոսքը, Սանոսյանը պատասխանեց․ «Մեր մի շարք բնակավայրերի հարակից տարածքներ են, վարչական սահմանների, որոնք խախտվել էին ժամանակին և, իհարկե, Արծվաշենը»։


Ինչ վերաբերում է խնդրին, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ, Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում կգտնեն լուծումներ, ինչպես Սյունիքում գտան լուծումներ՝ փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն։