26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
prev Նախորդ նորություն

Հրապարակվել է Արցախի նոր Սահմանադրության նախագիծը

Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի կայքում հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը: Այն ամրագրում է, որ Արցախի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է: Ինչպես նաև՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը: Ամփոփելով վերջին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Սահմանադրության նախագիծը պատրաստ է հանրությանը ներկայացնելու համար: Մասնագիտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ փաստաթուղթը մշակվել է հանրապետության նախագահի հավանությանն արժանացած հայեցակարգի շրջանակներում:

«Սահմանադրության հրապարակվող նախագիծն աշխատանքային տարբերակ է: Նոյեմբերի 10-ից կմեկնարկի հանրային քննարկումների շարքը՝ ներկայացված նախագծի շուրջ հասարակության կարծիքներն ու առաջարկությունները ստանալու համար, որից հետո միայն Սահմանադրության նախագիծը կներկայացվի հանրապետության նախագահին»,- նշել է նա:

Համաձայն սահմանված կարգի՝ հանրապետության նախագահի հավանությունը ստանալուց հետո Սահմանադրության նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, որին կհաջորդի քննարկումների եւս մեկ փուլ: