Ընդդիմությունն 5-6 ամիս ունի, Բաքվի հետ պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերին. Սաղաթելյան
Ընդդիմության կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա հոկտեմբերին կփորձի խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։
Ինչպես այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը. «Մայիսի 25-ին Մոսկվայում կողմերը հանդես կգան Եռակողմ նոր հայտարարությամբ, գործընթացը կշարունակվի հունիսի 1-ին ք. Քիշնևում, ապա Բրյուսելում Փաշինյանը կփորձի պայմանավորվել հանձնվելու մասին պայմանագրի նոր սկզբունքների շուրջ։ Արդեն հոկտեմբերին ամբողջությամբ պատրաստ կլինի հանձնման պայմանագիրը, և կփորձեն վավերացնել այն։ Այսինքն՝ հայ ժողովուրդն ու քաղաքական ուժերն ունեն ընդամենը 5-6 ամիս՝ կանխելու Հայրենիքի հանձնման գործընթացը»։
Նա ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին հնչեցրած հայտարարությունները ոչ թե խաղաղության օրակարգ են քարոզում, այլ հանձնվելու օրակարգ։ «Փաշինյանն իր հայտարարությամբ փաստացի հայտարարեց Արցախի և Հայաստանի հանձնման ճանապարհային քարտեզը»,- ասաց Սաղաթելյանը։ Միաժամանակ նա վստահեցրեց, որ ընդդիմությունը մտադիր չէ համակերպվել իրերի նման իրավիճակի հետ։
Սաղաթելյանն ընդգծեց, որ բողոքի ուժերը մեկ անգամ արդեն կարողացել են կանխել նման ծրագրի իրականացումը, երբ անցած տարվա մայիսին սկսվեց փողոցային շարժումը։
Նա վստահ է, որ եթե այն ժամանակ ընդդիմության գործողությունները չլինեին, Արցախի և Հայաստանի հանձնման ծրագիրն արդեն իրականություն կլիներ։ Սաղաթելյանը նշեց, որ այժմ ընդդիմությունն իր առաջ խնդիր է դնում նոր թափով դիմադրության շարժում կազմակերպել Հայաստանում, Արցախում և Սփյուռքում՝ մարդկանց նախապատրաստելով քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաների և դրանով իսկ կասեցնելու այս նախագծի իրականացումը։