25.11.2024
ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
prev Նախորդ նորություն

Մայր Աթոռը կոչ է անում քրգործը քննել առանց որդեկորույս Գայանե Մարտիրոսյանի մեկուսացման

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է արտահայտում վարչապետի որդու ենթադրյալ առևանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ։ Այս մասին ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարությունում:


Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հասարակության մեջ խռովություններ ու հուզումներ առաջացնող նման ընթացքներն ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու նվիրումին և կարող են հանգեցնել նոր պառակտումների ազգային կյանքում:


Հորդորում ենք իշխանության պատկան մարմիններին, առավելագույնս հաշվի առնելով զոհված զինվորի ծնողի պարագան, երկրում առկա մտահոգությունները և զգայունությունները, քրեական գործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ, առանց տիկին Գայանե Մարտիրոսյանի մեկուսացման։


Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, մեր պետության անվտանգության համար։ Աղոթում ենք նաև նահատակված մեր բոլոր զավակների հոգիների հանգստության համար և մեր զորակցությունը բերում զոհված զինվորների ծնողներին և ընտանիքներին»:


Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանին «առևանգելու փորձի համար»։