Շուրջ մեկ շաբաթ առաջ արցախցի ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը, որը բոլորովինս վերջերս նշանակվեց Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար, պահանջ էր ներկայացրել՝ ազատել աշխատանքից որոշ պաշտոնյաների, որոնք այս կամ այն հիմնավորմամբ ենթակա են հեռացման։ Եվ որոշել էին սկսել հենց նախագահականից՝ առաջին հերթին պահանջելով հեռացնել զբաղեցրած պաշտոններից Հյուսնունց Ռուդիկին (ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան), Բալասանյան Վիտալիին (ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական) և Աղաջանյան Կամոյին (ՀՀ-ում ԱՀ նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով):
Տիգրան Պետրոսյանը հայտարարել էր. «Նման գործընթացը շարունակական է լինելու, պետք է ազատվենք ոչ պիտանի պաշտոնյաներից»:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե ինչպես է Պետրոսյանը ստացել այնպիսի լիազորություններ, որ այլևս կարող է մասնակցել Արցախի Անվտանգության խորհրդի նիստերին, և ով է իրեն ուղորդում նման պահանջներ ներկայացնելու կամ այլ հարցերում, նկատենք, որ նախկին ակտիվիստի պահանջները, գոնե կոնկրետ այս անձանցից երկուսի մասով, ավելի քան արդարացված են:
Այդպես, VERELQ-ի աղբյուրներն Արցախից հայտնում են, որ ո՛չ Հյուսնունց Ռուդիկը, ո՛չ Աղաջանյան Կամոն տևական ժամանակ է Արցախի հետ, այսպես ասած, կապ չունեն և ուղղակի աշխատավարձ են ստանում: Հարցը նրանում է, որ այս երկուսի համար էլ, ըստ էության, այդ աշխատավարձը կարևոր չէ, բայց, փաստացի, արցախցիների հարկերից բավականին կլորիկ գումար է ամեն ամիս փոխանցվում նրանց, որոնք նույնիսկ Արցախում էլ չեն ու, որպես այդպիսին, չեն կատարում իրենց ուղիղ գործառույթները:
Այդպես, մենք տեղեկացանք, որ Հյուսնունցն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: Նրա դուստրը տարիներ առաջ էր մեկնել այնտեղ և ահա պատերազմից շուրջ մեկ տարի անց Հյուսնունցը ընտանիքի հետ միասին տեղափոխվեց ԱՄՆ: Ասում են՝ չի էլ պատրաստվում վերադառնալ ո՛չ Հայաստան, ո՛չ էլ, առավել ևս, Արցախ:
Այսինքն ստացվում է, որ Հյուսնունցը տևական ժամանակ է բնակվում է ԱՄՆ-ում, որևէ գործառույթ Արցախի հետ կապված չի իրականացնում, բայց ամեն ամիս կլորիկ աշխատավարձ է ստանում Արցախի բյուջեից (շուրջ մեկ միլիոն դրամ):
Ինչ վերաբերում է Կամո Աղաջանյանին, ապա նախկին ոստիկանապետ, Արցախի ԱԱԾ-ի նախկին պետ Կամո Աղաջանյանը ևս տևական ժամանակ է, ինչ Արցախում չի ապրում. նրան շատ հաճախ կարելի է հանդիպել Երևանի կենտրոնում: Աղաջանյանը պատերազմից հետո է նշանակվել ՀՀ-ում Արցախի նախագահի ներկայացուցիչ, սակայն, ըստ էության, ոչ մի օր այդ պաշտոնում իր լիազորություններով չի զբաղվել:
Ըստ շշուկների՝ Աղաջանյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայաստանյան բիզնես պրոեկտների “նայողն է” և Հարությունյանի վստահելի անձանցից մեկը: Բայց արդյո՞ք դա գրավական է, որ նա շարունակի “պաշտոնավարել”, երբ Արցախը նման ծանր վիճակում է:
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ պետնախարար նշանակվելուց հետո Ռուբեն Վարդանյանը ցանկանում էր Աղաջանյանին պաշտոն առաջարկել և իր կաբինետում տեսնել, սակայն Աղաջանյանը հրաժարվել է վերադառնալ Արցախ... իսկապես, ինչո՞ւ, եթե պաշտոն ունի, ու ոչինչ չի անում:
Արցախից մեզ փոխանցեցին՝ Տիգրան Պետրոսյանը գործում է հստակ ուղորդմամբ և եթե այս անձանց Արցախի պետական համակարգում ձևական գոյության մասին նա հիշեցնում է, ապա դա նշանակում է, որ իրեն այդպես է ասվել: Այնպես որ Հյուսնունցի ու Աղաջանյանի պաշտոններից հեռացման հարցը, թերևս, առաջիկայում միս ու արյուն ստանա: