Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա. փոխարտգործնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը չի հերքում, որ Հայաստանը քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Սաֆարյանը նշեց, որ կոնկրետ ժամկետ չի կարող նշել, թե երբ է տեղի ունեցել այդ քննարկումը, քանի որ հարցն Անվտանգության խորհրդում է քննարկվել, բայց կարծիք է հայտնել, որ դա տեղի է ունեցել սեպտեմբերյան մարտերի ընթացքում։
Հիշեցնենք, օրերս իր հարցազրույցում նման քննարկման մասին բարձրաձայնել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանը որոշել է չանել այդ քայլն ու դուրս չգալ ՀԱՊԿ-ից։ Հարցեր կային, որ քննարկվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում։ Շուտով կլինեն քննարկումներ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին հայտարարության հետ կապված: Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա»,- նշեց նա։
Նա նշել է, որ ՀՀ սպասելիքները չեն արդարացել, բայց որոշվել է շարունակել աշխատանքները՝ հույս ունենալով, որ քայլերը կբերեն արդյունքների։