26.11.2024
ՀԾԿՀ սկսել է էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Կարեն Կարապետյանն առաջին անգամ աշխատանքային այցով կմեկնի Արցախ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր առաջին անգամ աշխատանքային այցով կմեկնի Արցախ: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնական այցի նպատակն է ԼՂՀ նախագահի, վարչապետի հետ հանդիպումը, տեղում առկա խնդիրներին ծանոթանալը եւ համատեղ աշխատանքների քննարկումը: Այցը թերեւս ուշագրավ է նաեւ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից լարվածության պահպանման ֆոնին: Հիշեցնենք՝ այսօր Արցախ են մեկնում նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները, ինչը մեզ հետ զրույցում հոկտեմբերի 27-ին հաստատել էր նաեւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում ընդունել է չորս ԾԻԳ-երի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումներ: Դադարեցվելու են Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման, Մշակութային ծրագրերի իրականացման, Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակները: Վերջինս «ամենաթանկ» գրասենյակն էր, որը տարեկան բյուջեի վրա նստում էր մոտ 80 միլիոն դրամ: Առաջին երեքը բյուջեից տարեկան «տանում էին» յուրաքանչյուրը մոտ 65-ական միլիոն դրամ: Սրա արդյունքում պետբյուջեի խնայողությունները կկազմեն ավելի քան 272 միլիոն դրամ:
«Ինձ շատ են դուր գալիս նման որոշումները»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Սակայն բացառված չէ, որ ԾԻԳ-երի կրճատումը, այդուհանդերձ, նվազեցնի դրանց կողմից իրականացվող ծախսերի արդյունավետությունը»:

«168 Ժամ» թերթը գրում է. «Հաջորդ տարի առողջապահության բնագավառի ծախսերը կկազմեն 85 մլրդ 772.9 մլն դրամ: Ինչպես այսօր ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը, ոլորտի ծախսերը նվազել են այս տարվա պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ 2 մլրդ 668.9 մլն դրամով կամ 3 %-ով:
Պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հարցին, թե որքա՞ն է ոլորտի ստվերը, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ դրանից տեղյակ չէ, քանի որ եթե իմանար, թե ինչքան է ստվերը, դա կնշանակեր իմանալ որտեղ է այն, իսկ իմանալու դեպքում այն ուղղակի կվերացվեր»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի բնակչությունը մեկ տարվա ընթացքում նվազել է ավելի քան 10 հազարով կամ 0.33 տոկոսով: Անցած տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ բնակչությունը կազմում էր 3 միլիոն 4 հազար, այս տարի` 2 միլիոն 994 հազար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս պաշտոնական թվերը, բնականաբար, չեն արտահայտում իրական պատկերը, քանի որ այս ցուցանիշը ստացվում է անցած մեկ տարվա ընթացքում ծնվածների և մահացածների թվերի համադրությունից, ու հաշվարկված չէ արտագաղթը: Երևանի բնակչությունը նշված ժամանակահատվածում նվազել է 1.9 հազարով, կամ 0.17 տոկոսով, իսկ ահա ՀՀ երկրորդ և երրորդ քաղաքներում նվազման տեմպը մի քանի անգամ ավելի մեծ է: Գյումրիի բնակչությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում նվազել է 0.7 տոկոսով, իսկ Վանաձորինը` 1.1 տոկոսով: Բնակչության թվի նվազում արձանագրվել է բոլոր մարզերում, և միայն Արմավիրում արձանագրվել է աճ` 0.2 տոկոսով»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է իր եղբայրներին կրկին ներգրավել քաղաքականություն ու նախկինի պես տեղաբաշխել ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում և «Հայկական Վերածնունդ»-ի վերածված ՕԵԿ-ում։ 2003 թվականին Աբրահամյան եղբայրներից ավագը՝ Սերյոժա Աբրահամյանը, մեծամասնական ընտրակարգով դարձավ պատգամավոր թիվ 54 ընտրատարածքից։ 2007-ին՝ արդեն չորրորդ գումարման խորհրդարանում, Աբրահամյան եղբայրներից երեքն արդեն պատգամավորներ էին. Սերյոժա Աբրահամյանը պատգամավորական մանդատը ստացել էր ՕԵԿ-ից, Արմեն Աբրահամյանին մանդատ տվել էր ԲՀԿ-ն, իսկ Գագիկ Աբրահամյանը՝ հանգրվանել էր իշխող ՀՀԿ-ում»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի հասարակական տրանսպորտը, ամենայն հավանականությամբ, կենթարկվի արմատական փոփոխությունների։ Երևանի փողոցներից կվերանան «գազելները» և դրանց կփոխարինեն մեծ, միջին և փոքր ավտոբուսները։ Իսկ տրանսպորտի ամբողջ կառավարումը կիրականացնի մեկ օպերատոր։ Armtimes.com–ի թղթակցի հետ զրույցում այսպես է նկարագրել հասարակական տրանսպորտի սպասվող ապագան Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Այդ փոփոխությունները իրականացնելու համար խորհրդատու գտնելու նպատակով հայտարարվել էր մրցույթ, որի հաղթողն արդեն հայտնի է։ Փոխքաղաքապետը չի նշել, թե որ ընկերությունն է տրամադրելու այդ խորհրդատվությունը՝ պարզաբանելով որ խորհրդատուին կբացահայտեն մրցույթի արդյունքները վերջնական ամփոփելուց և պայմանագիրը կնքելուց հետո։ Ըստ փոխքաղաքապետի՝ մոտավոր հաշվարկների նշված փոփոխություններն իրականացնելու համար կարող է պահանջվել 80-100 միլիոն դոլար»: