26.11.2024
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է 1.9 մլն դրամ կաշառք տալու դեպք
prev Նախորդ նորություն

Արևմուտքը Հայաստանից պահանջում է հստակ ու ընդգծված հակառուսական քայլեր. Ղուկասյան

Այն, որ մեր տարածաշրջանում առկա զարգացումները սպասելի էին՝ փաստ է: Այն, ինչ այսօր կատարվում է՝ այդ մասին բազմիցս զգուշացվել է, կանխատեսվել, բայց իշխանությունը շարունակում է անել այն, ինչ արել է՝ տանում է մեր երկիրը ցնցումների: Այս մասին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ն կողմից հրավիրված «Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը. առկա իրողություններն ու հնարավոր միտումները» խորագրով կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, մեր տարածաշրջանում ավելացել են նոր խաղացողներ, որոնք խաղի կանոնները փորձում են խառնել՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և մյուսների դեմքով: Այս խաղը մի քանի անգամ բարդանում է և մեր տարածաշրջանում ականատեսն ենք ոչ միայն ՌԴ-Արևմուտք առճակատման, այլև Մերձավոր Արևելքի ակտիվացման: Սակայն, կարծիք հայտնեց նա, վտանգավոր է այն, որ ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն կարողանում ճիշտ գնահատել, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում՝ Արևմուտքի ձեռամբ փորձ է արվում ստեղծել քաոս:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից հայտարարված խաղաղության օրակարգին, բանախոսը նշեց՝ բոլորս ենք խաղաղության կողմնակից, բայց ի՞նչ գնով.


“Խաղաղությունը պետք է ընկալելի ու հասկանալի լինի, պետք է հասկանաս, թե ինչ է ուզում քո հակառակորդը: Իսկ այսօր այս իշխանությունը, որը, իբրև թե, խաղաղություն է բերում, իրականում քաոսի ու բախումների է տանում մեր երկիրը: Եվ ես չեմ պատկերացնում նման արտաքին քաղաքական կոնցեպտով ինչպես են իշխանությունները մեր երկիրը զերծ պահելու ցնցումներից, որոնք շատ մոտ են. աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են, որ Հարավային Կովկասը դառնում է թիվ մեկ կարևոր գործոն, և այս պայմաններում ՀՀ-ում պետք է իշխանության գան նոր ուժեր, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում աշխարհում, ունենան հստակ աշխարհաքաղաքական գործընթացների ընկալում, փորձելով կարգավորել հարաբերությունները մեր դաշնակիցների հետ”,- ասաց Ղուկասյանը:

Նա վստահ է՝ Արևմուտքը Հայաստանից պահանջում է հստակ ու ընդգծված հակառուսական քայլեր՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, դուրս բերել ռուսական ռազմաբազան ՀՀ-ից: Իսկ սա նախևառաջ մեր շահերին է դեմ, ինչպես նաև ՀՀ անվտանգությունն է լրջագույն սպառնալիքի տակ դնում: Եվ այստեղ է, որ Հայաստանը պետք է հնարավորինս պահպանի իր դաշնակցային հարաբերությունները՝ Ռուսաստանի և Իրանի հետ:

«Եկել է ժամանակը գործելու, Հայաստանը ժամանակ այլևս չունի»,- հավելեց Արման Ղուկասյանը: