24.11.2024
Քննարկվել է ԱՊՀ մասնակից երկրների միջև փոխօգնությանը վերաբերող համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ՄՆ. Արցախի շրջափակումը հստակ ցեղասպանական նպատակ ունի

ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ՄՆ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք միջոցառումների:


Ապրիլի 19-24-ը ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների ԱՄՆ Կոնգրեսում, Մասաչուսեթսի նահանգային խորհրդարանում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը, Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում։


Մշտական ներկայացուցիչն իր ելույթներում երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին և բոլոր այն երկրներին, որոնք հայ ժողովրդի համար այդ ծանր տարիներին դիվանագիտության և հումանիտար ծրագրերի միջոցով բազմաթիվ կյանքեր են փրկել։


ԱՄՆ-ում ԱՀ ՄՆ-ն նշել է, որ ցեղասպանության չարիքն առկա է նաև 21-րդ դարում, ինչի վառ դրսևորումն է 2020 թվականին Թուրքիայի և Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նորաստեղծ ժողովրդավարության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և ռազմական հանցագործություններով։


Ռոբերտ Ավետիսյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ վարվող ահաբեկչական քաղաքականությանը, մասնավորապես, Արցախի՝ շուրջ հինգ ամիս շարունակվող շրջափակմանը, Հայաստանից Արցախ մատակարարվող գազի և էլեկտրականության խափանումներին և այլն։


«Արցախի շրջափակումը հստակ ցեղասպանական նպատակ ունի․ կազմակերպիչները ցանկանում են, որ Արցախի բնիկ հայերը կանգնեն երկընտրանքի առաջ՝ կամ լքել իրենց պատմական հայրենիքը, կամ մնալ ու մեռնել սովից, ցրտից ու հիվանդություններից»,-նշել է Ռոբերտ Ավետիսյանը։


Այս Համատեքստում Ռոբերտ Ավետիսյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք գործողությունները՝ ուղղված նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։


«Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականին, սակայն, ցավոք, այն չի ավարտվել։ Մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ: Աշխարհաքաղաքական կամ մերկանտիլ շահերը տեղ չունեն, երբ խոսքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը ցեղասպանություններից, ֆաշիզմից կամ ագրեսիվ ծավալապաշտությունից»,-հայտարարել է մշտական ներկայացուցիչը։