Մակրոնը հավաստել է աջակցությունը ՀՀ-ին՝ տարածաշրջանում խաղաղություն կերտելու գործընթացին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով։
"Այսօր՝ ապրիլի 24-ին, Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Ֆրանսիան հիշում է այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր սպանվեցին, սովից կամ ուժասպառությունից մահացան տեղահանության ճանապարհներին: Ֆրանսիան ձեզ հետ միասին հիշում է 1915 թվականի սեպտեմբերին Մուսա լեռում դիմադրության հայ մարտիկներին օգնության հասած իր նավաստիներին։ Ֆրանսիան, որը Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի և Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ջարդերը, այսօր ձեր կողքին է՝ պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դասեր քաղելու այդ ողբերգական պատմության էջից։
Նույնիսկ այսօր, երբ եվրոպական մայրցամաքը սգում է սարսափելի ագրեսիայի պատճառով, Ֆրանսիան շարունակում է իր պայքարը հանուն հիշողության և ընդդեմ մոռացության: Եվրոպական միության խորհրդում Ֆրանսիայի նախագահության օրոք 2022 թվականին ավարտին հասցրինք թվային ծառայությունների մասին օրենքի նախագիծը, որպեսզի այլևս անպատիժ կերպով չժխտվի ցեղասպանությունը։ Ֆրանսիան ցուցաբերում է մշտական զգոնություն իր երկրի տարածքում։ 2019 թվականին Հանրապետության օրացույցում սահմանեցի Հայոց ցեղասպանության հիշատակման օր, քանի որ ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ֆրանսիացի հիշի այդ օրը։ Հանուն արդարության և պատմական ճշմարտության այս պայքարը հայերինն է, բայց նաև ողջ Ֆրանսիայինը, քանզի մարդու իրավունքների հարգումը Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության հիմքում է։ Ցեղասպանության հիշատակումը հիցեցնում է նաև հայերի զբաղեցրած տեղը մեր պատմության մեջ, քանի որ այս ողբերգությունից բազմաթիվ փրկվածներ միացել են մեր երկրին՝ նպաստելով նրա բարգավաճմանն ու ազդեցության ուժեղացմանը։
Ոգեկոչման այս օրը, որը խորհրդանշում է նաև հայ ժողովրդի վերածնունդը, ցանկանում եմ հավաստել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն կերտելու գործընթացներին։
Հաճեցեք ընդունել, պարոն նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը",- ասված է նամակում։