Քրեական պատասխանատվություն` ինքնիշխանությունից բռնի հրաժարվելու գործողությունների համար
Նախագծի նպատակն է նախատեսել պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն ինքիշխանությունից հրաժարվելու, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություներ կատարելը եւ դրան ուղղված կոչ անելը:
Հիմնական զեկուցողի խոսքով գործող Քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված սահմանադրական կարգը տապալելու, ներառյալ սահմանադրական առաջին հոդվածի գործողությունը փաստացի դադարեցնելու եւ դրան ուղղված բռնի կոչերի համար: Նա նշել է, որ գործող Քրեական օրենսգրքով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, իսկ նախագծի ընդունման արդյունքում այդ արարքները կհամարվեն քրեորեն պատժելի. նախատեսվում է պատիժ` 10-15 տարի ազատազրկում, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերի դեպքում` տարբեր պատժատեսակներ. տուգանք, կարճաժամկետ ազատազրկում, առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկում` առավելը 3 տարի ժամկետով: Նախատեսվել են նաեւ այլ պատիժներ:
Նրա խոսքով ինքիշխանությունից հրաժարվելուն ուղղված կարող են բնորոշվել այն կոչերը, որոնք զուգորդված են բռնության սպառնալիքով եւ հետապնդում են նպատակ բռնություն գործադրելու սպառնալիքով անձին կամ անձանց որոշակի շրջանակի մղելու կոնկրետ գործողությունների կատարմանը:
Լեւոն Բալյանը նշել է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է նաեւ այլ երկրների փորձը:
Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է եւ նպատակը պետության ինքնիշխանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:
Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: