Սոթքում ամեն օր կրակոցներ են, չեն թողնում՝ 800 աշխատակից գնա աշխատանքի. Թովմասյան
Սոթքում ամեն օր կրակոցներ են. կրակում են եւ չեն թողնում՝ 800 աշխատակից գնա աշխատանքի։ Հանքավայրը փակ է, եւ հարկադիր պարապուրդի են ուղարկել քաղաքացիներին։ Վարդենիսում, սոցիալապես անապահով պայմաններում, 800 ընտանիքի այդ վիճակն ի՞նչ է նշանակում՝ այն, որ մարդիկ չեն կարողանալու ապրել մեր հայրենիքում։ Սրա համար որեւէ մեկը չպիտի՞ պատասխանատվություն կրի։ Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսում հայտարարեց ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը դավաճանական հայտարարություններ է անում ՝ ասելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց առանձնացնելու Արցախի հարցի մասին որեւէ ձեւակերպում:
"Սա նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որը մենք չենք կարող թույլ տալ, եւ այդ հայտարարությունն այն կարմիր գիծն էր, որ դրանից հետո այլեւս չպետք է Նիկոլ Փաշինյանն ամբիոնից փորձի ստեր ասել։ Ստի լիմիտը սպառվել է",- հավելեց նա: