24.11.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
prev Նախորդ նորություն

ՀՀ արտաքին քաղաքականության հավատամքը հարևանների հետ խաղաղության հաստատումն է. Խաչատուրյան

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ։


Հանրապետության նախագահն ու Լիտվայի վարչապետը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով և ընդգծել հայ-լիտվական բարեկամության ու համագործակցության կարևորությունը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բարձր է գնահատում Լիտվայի դիրքորոշումն ու ակտիվ աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանում քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում։


Վարչապետ Շիմոնիտեն իր հերթին շեշտել է, որ Լիտվան որպես չեզոք երկիր հնարավորության սահմաններում պատրաստ է իր նպաստն ունենալ մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու գործում։


Զրույցի ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հավատամքը հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների և խաղաղության հաստատումն է։


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին և այլ սպառնալիքներին։ Շեշտվել է, որ հումանիտար խնդիրները և հումանիտար ճգնաժամի՝ առանց նախապայմանների հաղթահարումն առաջնահերթություն է։