26.11.2024
ԱԺ ամբիոնը չեմ լքելու, իրականացնում եմ քաղաքական ակցիա. Թագուհի Թովմասյան
prev Նախորդ նորություն

Մեր ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու մտքին. Կաթողիկոս

Եկեղեցի-իշխանություն գործակցությունը պատշաճ մակարդակի վրա չէ։ Այդ մասին այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, հայտնում է MediaHub-ը:


Նրա խոսքով՝ եկեղեցին պատրաստ է գործակցության՝ կարևորություն ընծայելով հայրենի իշխանության հետ համատեղ աշխատանքին։


«Այդպես ավելի հեշտ կկարողանանք հարցերը կարգավորել։ Դժբախտաբար գործակցությունը բավարար մակարդակի վրա չէ»,- նշեց նա։


Հարցին, թե արդյո՞ք եկեղեցին շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա Գարեգին Բ-ն ասաց, որ իրենք հայրական հորդոր են հնչեցրել, և այդ հորդորը, բնականաբար, ժամանակով չի սահմանափակվում։


«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման։ Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ։ Կատարվում են սխալ ու անընդունելի հայտարարություններ, օրինակ՝ Արցախի կարգավիճակի հետ կապված։ Մտահոգիչ է մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհանդուրժողության ոգին։ Այս իմաստով մենք մեծ աշխատանք ունենք կատարելու։ Մեր առջև ծառացած խնդիրները կարող են հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբմամբ»,- նկատեց նա։


Ըստ Գարեգին Երկրորդի՝ այս խնդիրն առաջնային է։


"Կարծում եմ, որ մեր ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու մտքին։ «Խաղաղության պայմանագրի» տեքստին դեռ ոչ ոք ծանոթ չէ, և այդ առումով կարծիք հայտնել չի կարող։ Բայց մեզ համար կասկածից վեր է, որ մենք պաշտպանելու ենք Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը»,- ասաց նա։


Կաթողիկոսն ընդգծեց՝ Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն է։ 


Նրա խոսքով՝ այս առումով, անշուշտ, հստակ է մեր ժողովրդի վերաբերմունքը, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը։


«Այդ իմաստով բավարար չափով աշխատանքներ իրականացվել են, և մենք լիահույս ենք, որ այդ ջանքերը պիտի շարունակվեն, և խնդիրը միջազգային հանրության, մեր ժողովրդի ջանքերի արդյունքում պիտի ունենա իր կարգավորումը։ Մենք չենք կարծում, որ հայտարարությունները, թե Արցախը նախկին իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի կազմում, տեղին են, և որևէ կերպ կարող են նպաստավոր լինել հարցի կարգավորման համար։ Պետք է չշտապել, հակառակը, ամեն կերպ պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց նա։


Գարեգին Բ-ն շեշտեց՝ չի կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։


«Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի Արցախի հայաթափում։ Մենք ամեն ջանք ու գործ պիտի ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերով ապահովել Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը»,- ասաց նա։