22.11.2024
Մրցանակներ հանձնվեցին «Կոչումը՝ կին ոսկե կոդ 2023» մրցանակաբաշխությանը
prev Նախորդ նորություն

Գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը:


Հաշվի առնելով, որ 2023 թվականի ապրիլի 11-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, կոլեգիայի անդամներին է ներկայացրել Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի թեկնածությունը:


Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական և մարդկային հատկանիշները՝ հույս հայտնելով, որ Եղիազար Ավագյանը կշարունակի իրականացնել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնած ծրագրերը և բարեփոխումներ ու իր գործունեությամբ կբարձրացնի սահմանված նշաձողը: «Պարոն Ավագյանն իր գործի լավագույն մասնագետն է, բարեվարք է, համակարգի ներսում ունի դրական ընկալում: Այս նշանակումը, ինչպես ժամանակին պարոն Էլիզբարյանի նշանակումն էր, ազդակ է հասկանալու, թե Դատախազությունում ովքեր կարող են հավակնել բարձր պաշտոնի»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:


Կոլեգիայի անդամները դրական կարծիքներ են հայտնել Եղիազար Ավագյանի թեկնածության վերաբերյալ՝ կարևորելով գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Ավագյանի պրոֆեսիոնալիզմը, աշխատանքի նկատմամբ պահանջկոտությունը, բծախնդրությունն ու մարդկային բարձր որակները:


Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Եղիազար Ավագյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին՝ վստահության համար և ընդգծել, որ այն պարտավորեցնում է ավելի մեծ ուժով և եռանդով գործել ու աշխատել՝ ուղղված Դատախազության հեղինակության բարձրացմանը:


Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Եղիազար Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: