23.11.2024
Արցախի կարգավիճակի առնչությամբ որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում
prev Նախորդ նորություն

Չորս ամիս է Արցախը շրջափակված է. իսկ ի՞նչ են ուզում Արցախի իշխանությունները

Արդեն շուրջ 4 ամիս է, որ ողջ աշխարհը լուռ դիտում է այն միջազգային ահաբեկչությանը, որը Ադրբեջանի իշխանությունը սանձազերծել է Արցախի դեմ և սա աշխարհաքաղաքական ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների կոնտեքստում, մի փուլային գործընթաց է, որը Ադրբեջանի հանցագործ իշխանությունները սկսել են դեռևս 2020 թվականի սեպտեմբերից: Այս մասին գրում է Արցախի "Արդարություն" կուսակցության փոխնախագահ Հակոբ Հակոբյանը:


"Իսկապես, շատ կարևոր է հասկանալ, արձանագրել, վերլուծել, թե ինչ է ուզում թշնամին՝ գնահատել իրավիճակն ու սադրանքների հնարավոր մոտիվները, աշխարհաքաղաքական շրջանակը և այլն: Բայց ավելի կարևոր է հասկանալ ի՞նչ են ուզում Արցախի իշխանությունները: Իհարկե, մեծ իմաստով բոլորս ուզում ենք մի բան՝ անվտանգ Արցախ, զարգացող, պաշտպանված, կայուն, և այլն: Այս ամենի մասին 24 ժամ խոսում է նաև իշխանությունը: Բայց, այդ ամենը հռչակագրային, վերացական բնույթ է կրում, եթե չի ուղեկցվում իր շուրջ գոյություն ունեցող առարկայական և բովանդակային քննարկումներով, որոնք կարտացոլեն հանրային ու քաղաքական հստակ դիրքորոշումների և հայեցակարգային մոտեցումների համայնապատկեր: Դա չկա, և դրա փոխարեն գերիշխում է կոնյուկտուրային հռչակագրությունը, որը գերազանցապես զգայական, իմիտացիոն բնույթ է կրում:


Դրա վառ ապացույցը ձևականորեն ստեղծվող, տարաբնույթ, բայց կարևորը լայն լիազորություններով, նախագահին կից խորհուրդներն են: Մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք այս թյուրիմացություններին, այս ձևականություններին: Էլ ի՞նչ է պետք, որ հասկանանք, որ թշնամին մոտ 500 մետրի վրա է: Ցավոք, երեկ Արցախի իշխանությունները ժողովրդին զբաղեցնում էին մրգի հերթերով, այսօր էլ երևի՝ բենզինի հերթերով",- գրել է Հակոբյանը: