23.11.2024
Երևանում կկայանա «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները» համաժողովը
prev Նախորդ նորություն

Հայաստանը պատրաստ է բարձրացնել պատմության կողմից դրվող ծանրությունները. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Արփի Փաշինյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը:


Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին, պաշտոնատար այլ անձինք:


Բացման արարողության ժամանակ վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.


«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մեծարգո նախագահ,
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,
Հարգելի հյուրեր,


Ողջունում եմ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի Հանրապետությունում և ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական ֆեդերացիային՝ այս հնարավորությունը Հայաստանի Հանրապետությանն ընձեռելու համար:


Իրականում այս առաջնությանը Հայաստանի Հանհրապետությունն սպասել է շուրջ 40 տարի, որովհետև 80-ականներին այս հոյակերտ մարզահամերգային համալիրը կառուցվում էր այն սպասումով, որ շուտով այն կհյուրընկալի եվրոպական և համաշխարհային մակարդակի մրցաշարեր: Բայց, ցավոք, այնպես ստացվեց, որ ահա, այսպիսի երկար ժամանակ տևեց, մինչև Եվրոպայի առաջնությունները հյուրընկալվեցին Հայաստանում: Նախորդ տարի մենք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ընդունեցինք, այս տարի ընդունում ենք Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:


Սա չափազանց խորհրդանշական պահ է, որովհետև այս առաջնությունը տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան, անկախ Հանրապետության հովանու, տանիքի և դրոշի ներքո: Եվ սա չափազանց կարևոր իրադարձություն է:


Ուզում եմ հավատալ, որ այսօրվա խորհուրդը նույնքան խորն է: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր երկիրը, մեր պետությունը, մեր ժողովուրդը պատրաստ է ոչ միայն առերեսվել, պատրաստ է ոչ միայն պահել, պատրաստ է ոչ միայն հաղթահարել, այլև բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առաջ դրվող ծանրությունները:


Եվ այսպիսով՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հայտարարում եմ բացված»: