24.11.2024
«Նիկոլ Փաշինյան» անվանումը համարժեք է դարձել կորստին, զիջմանը և ողբերգությանը. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ինչպես է Եվրոպան արձագանքում ադրբեջանցիների սադրանքին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եվրոպական կողմը դեռ չի շտապում մեկնաբանել երեկ Ադրբեջանի հերթական սադրանքը: Բանն այն է, որ ադրբեջանական զինուժն երեկ՝ կեսօրից հետո, կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ապա նաեւ Սոթքի հատվածում: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հայկական կողմն ունի 4 զոհ եւ 6 վիրավոր։ Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ ադրբեջանական զինուժը խրամատավորվեց Տեղ գյուղի դաշտերում, հարեւանությամբ հայկական կողմը սկսեց ինժեներական աշխատանք կատարել: Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե հայկական ստորաբաժանումներն են կրակ բացել Լաչինի շրջանի իրենց դիրքերի վրա։ Ադրբեջանական կողմում էլ զոհեր եւ վիրավորներ կան։


Այս լարվածության մասով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչպես է իրավիճակը գնահատել եվրոպական կողմը, քանի որ Հայաստանի սահմանին տեղակայված են ԵՄ դիտորդները: Նրանք պետք է արձանագրեին տեղի ունեցածը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւից: Նա նշեց, թե Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հետ ստուգում են սահմանին տիրող իրավիճակի մասին առկա ինֆորմացիան, եւ ներկայացրեց իր դիրքորոշումը՝ կապված իրավիճակի հետ: «Ես շատ ինֆորմացիա չունեմ տեղի ունեցածի վերաբերյալ: Ես հենց նոր հարցում ուղարկեցի պարոն Բորելի գրասենյակում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը՝հետաքրքրվելով, թե որտեղ է մեր դիվանագիտական առաքելությունը, որն այնտեղ տեղակայված է փետրվարից: Սակայն հիշեք, որ սա քաղաքացիական առաքելություն է, առանց զենքի են նրանք եւ չեն կարող կրակել», – նշեց նա: Կովաչեւը նաեւ հավելեց, որ իրենք Ադրբեջանից պահանջում են դադարեցնել ցանկացած գործունեություն եւ ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ կոչ են անում անհապաղ դադարեցնել ցանկացած կրակոց սահմանին մոտ։ Ռուսական կողմից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց «Ժողովուրդ» օրաթերթին:


«Հրապարակ» թերթը գրում է. Ճակատագրի հեգնանքով, 2020 թ․ պատերազմը սկսվելու օրը` սեպտեմբերի 27-ին, Հայաստանում չէր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը․ նա գտնվում էր Եվրոպայում: Երեկ Հայաստանում չէր նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` նա Բրյուսելում էր, եւ երեկ հաղորդեցին, որ այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությանը: Իսկ մինչ այդ թշնամին սկսեց կրակել Տեղ գյուղի դիրքերի ուղղությամբ, եւ մենք, ըստ պաշտոնական տվյալների, որոնք սովորաբար ամբողջական չեն եւ աճի միտում են ունենում, տվեցինք 4 զոհ եւ 6 վիրավոր: Հերթական անգամ պարզվեց, որ մենք տեղյակ չէինք, որ հարձակում է սպասվում, եւ պատշաճ պատրաստված չէինք այդ հարձակումը հետ մղելուն:


«Հրապարակ» թերթը գրում է. Այսօր լրանում է Արցախի կյանքի ճանապարհի փակման չորրորդ ամիսը։ 2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպան ֆեյք-ակտիվիստների միջոցով Արցախի հանքերում մոնիթորինգ իրականացնելու պահանջով փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, սակայն կյանքը ցույց տվեց, որ Ադրբեջանի նպատակներն այլ էին՝ ամբողջությամբ տիրանալ Արցախին։ Եվ հակադրվելով միջազգային հանրության կոչերին, Հաագայի դատարանի որոշմանը, Ադրբեջանը մինչ օրս շարունակում է արգելել Արցախ ելումուտը՝ ակնկալելով, որ արցախցիները զենքը վայր կդնեն եւ կհամաձայնեն իրենց պահանջներին։ Ուշագրավ է, որ երեկ Արցախի իշխանությունները Ռուսաստանի խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում եւ ռուսական զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ «հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար», ինչը նշանակում է, որ օղակն այնքան է սեղմվել, որ արցախյան կողմն է նախաձեռնողականություն դրսեւորում։ Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ մեկ անգամ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, թե այդ հանդիպումներում պետք է վերաինտեգրման հարցեր քննարկվեն, եւ արցախցիներին հրավիրեցին Բաքու ու մերժում ստացան։ Հիմա Արցախը փորձում է վերականգնել երկխոսությունը։


«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ «2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահն է, առաջարկում է մեկ անգամ եւս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը եւ նման նախագիծ է դրել շրջանառության մեջ։ «ԱԺ քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել եւ ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին»,- նշված է հիմնավորման մեջ։ Հիշեցնենք, որ անցած տարվա փետրվարի սկզբներին ձեւավորված հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ անգամ երկարաձգվել է հոկտեմբերին։ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, 6 ամիս է, որը կարող է 2 անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ ԱԺ որոշմամբ երկարաձգվել, մինչեւ վեցական ամսով: Այսինքն, սա վերջին անգամ է, որ ժամկետը երկարաձգվում է` այլեւս նման իրավունք չի լինի:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում կայացած քննարկման ժամանակ քարտուղար Արթուր Հովհաննիսյանին ասվել է, որ ԱԺ երեկվա նիստին նա հրապարակավ պետք է ներողություն խնդրեր ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ իր դրսեւորած՝ պատգամավորին ոչ հարիր վարքի, փողոցային խուլիգանի նման իրեն պահելու համար: Բանն այն է, որ նրա հնչեցրած վիրավորանքներն ու սպառնալիքներն իսկապես մեծ աղմուկ են բարձրացրել թե’ հանրության, թե’ իրավապաշտպան տարբեր կառույցների շրջանում: ՔՊ-ականներն իրենք էլ հասկանում են, որ Արթուր Հովհաննիսյանն իսկապես չափն անցել է, ու նրա վարքագիծը մեծ հարված է հասցնում իրենց ստեղծած «ժողովրդավար» կերպարին, ուստի Արթուր Հովհաննիսյանին պարտադրել էին ԱԺ երեկվա նիստին ներողություն խնդրել իր պահվածքի համար: Վերջինս, սակայն, համառորեն դեռեւս հրաժարվում է ներողություն խնդրել: Կանի, թե ոչ, ժամանակը ցույց կտա, բայց նրա շուրջ օղակը սեղմվում է:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ խորհրդարանում հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: «Տիկի՛ն դատախազ, Դուք աշխատել եք ՀՀ վճռաբեկ դատարանում 2007 թվականից: 2008-2009 թվականներին Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի եւ «Մարտի 1»-ի գործով անցնող մյուսների վերաբերյալ քրեական գործերի վճիռները կայացվել են մոտավոր հենց այդ ժամանակում: Կխնդրեմ ասել՝ օրինակա՞ն էին այդ դատավճիռները, թե՞ ոչ՝ իբրեւ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական եւ օգնական»: Սակայն ՀՀ գլխավոր դատախազը Թագուհի Թովմասյանի այս եւ մյուս հարցերը համարեց հարցի քննարկմանը ոչ վերաբերելի (քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին հարցը): Նա հայտարարեց, թե, որպես իրավաբան, դատական ակտերը քննարկելու իրավունք չունի:


Այսպիսով, գլխավոր դատախազը խուսափեց հստակ պատասխանել՝ այո կամ ոչ: Մինչդեռ եթե հարցին պատասխան տրվեր՝ այո, ապա պարզ կլիներ, որ իսկապես ապօրինություններ են եղել: Բանն այն է, որ դատավորների օգնականները հիմնականում նախագծում են կայացվելիք որոշումների եւ վճիռների նախագծերը, եւ Աննա Վարդապետյանն առնվազն չէր կարող չիմանալ, թե ինչ վճիռներ են կայացվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատում, եթե չասենք, որ հենց ինքն է նախագծել «Մարտի 1»-ի գործով վճիռները: Իսկ եթե Աննա Վարդապետյանը պատասխաներ, որ ապօրինություն չկա, ամեն ինչ օրինական է եղել, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես հանցագորություն է իրականացրել, ապօրինի հավաքներ է կազմակերպել, սադրել է եւ չի եղել քաղբանտարկյալ: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես է Վարդապետյանը աշխատել որպես Նիկոլ Փաշինյանի օգնական՝ նրան համարելով հանցագործ: Ահա սա էր պատճառը, որ դատախազը խուսափեց ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան տալ՝ ասելով, թե կայացված ակտերի մասով կարծիք հայտնելու իրավունք չունի: Բայց, միեւնույնն է, Թագուհի Թովմասյանի կողմից հնչած հարցերին՝ ապօրինի են եղել 2008-ի արյունալի դեպքերի վճիռները, թե ոչ, ՀՀ գլխավոր դատախազը պետք է ի վերջո պատասխանի։ Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով կայացված շատ դատավճիռներ կա՛մ արդարացվել են, կա՛մ Եվրադատարանով «կոտրվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգն առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն ընդլայնում է։ Գործը հասնում է Առողջապահության նախարարությանը: Ասել է թե՝ իրավապահները կմտնեն նախարարություն: Նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը եւս համընկնում է չարաշահումների փուլերի հետ: Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, կալանավորել է Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին: Քրեական գործով կալանավորվել են «Մեդլայն» կլինիկայի աշխատակիցներ, հարցաքննվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը, աշխատակիցները, իսկ հիմա հասել են խոշոր ձկներին: Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ «CՕVID-19»-ի ախտորոշման եւ բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը: