24.11.2024
Արցախից ևս 15 բուժառու այսօր տեղափոխվել է Հայաստան
prev Նախորդ նորություն

Բացվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակը

«Երևան-Արմավիր» Մ5 ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցավ 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակի բացումը:

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը կարևորեց ընդհանուր պատմական հաղթանակների և ձեռքբերումների մասին հիշողության պահպանումը:


«Մեր երկու եղբայրական ժողովուրդներին կապում է բազմադարյա պատմությունը, որն անմահացել է մի շարք ընդհանուր հաղթանակներով։ Մեր պարտքն է պահպանել և սերունդներին փոխանցել այդ իրադարձությունների մասին հիշողությունները», – նշեց Վահրամ Կարապետյանը՝ խորհրդանշական համարելով, որ հուշարձանը բացվել է 1834-ի մայիսի 9-ին, իսկ տասնամյակներ անց՝ 1945-ին, հենց այդ օրը խորհրդային ժողովուրդը համատեղ ջանքերով նոր հաղթանակ կերտեց Հայրենական մեծ պատերազմում ՝ համալրելով սխրանքների ցանկը։

Ողջույնի խոսքում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց, որ երկու ժողովուրդների ընդհանուր պատմությունն ու կապը ներկայացնող հուշարձանի բացումը արդիական է, քանի որ Հայաստանը վերջին շրջանում ռուսաստանցիների համար առավել նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների եռյակում է։

«Խորհրդանշական և կարևոր է, որ փոփոխվող իրողությունների պայմաններում մենք ևս մեկ անգամ հիշում ենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունը և նոր պատրաստակամությամբ քայլում առաջ՝ շարունակելով միասին հաղթահարել բոլոր խոչընդոտները»,– նշեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Տեր Սևակ քահանա Սարիբեկյանը կատարեց հոգեհանգստյան կարգ։ Ցուցանակի բացումից հետո կատարվեց ծաղկեդրում և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտում զոհված հայ և ռուս մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հուշակոթողի տարածքում տեղի ունեցավ նաև անվանական ծառատունկ. տնկվեց շուրջ 20 տուա տեսակի ծառ։

1827 թվականի Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է։ Այն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության կարևոր հանգրվաններից մեկն է: Հենց այդ հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց Ռուսաստանին։ Օշականի հաղթանակն այս ճակատամարտում հավերժացել է 1131 զոհված ռուս զինվորի հիշատակին նվիրված հուշարձանով: 2011 թվականի ապրիլին այն նորոգվել ու վերաբացվել է։