VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ ֆրակցիայի փակ նիստ է արել, որի ժամանակ քննարկվել են վաղը մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգային հարցերը: Նիստը տեւել է մոտ երեք ժամ: Ժամանակի առյուծի բաժինը ՔՊ-ականները նվիրել են ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության հարցին: ՔՊ-ում միակարծիք չեն եղել՝ զրկել, թե չզրկել ընդդիմադիրին: Ոմանք հակված են եղել Սահակյանին ներել՝ փաստարկելով, որ այդպիսով հանրության վրդովմունքը կզսպեն՝ իշխանականների մասնակցությամբ աղմկահարույց վերջին դեպքերի կապակցությամբ: Սակայն ՔՊ մեր աղբյուրը նկատեց, որ այդ տեսակետի կողմնակիցներն ավելի շատ «բոչկա էին գլորում» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ եթե վերջինին չենք պատժում, ապա ընդդիմադիրին էլ պետք ներել: Սակայն քաղաքական որոշումն ի սկզբանե ընդունված է եղել եւ Սահակյանը կզրկվի անձեռնմխելիությունից: Մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանն, ընդունելով թիմակիցների ակնարկը, կիսվել է իր հետ կապված վերջին միջադեպի մասին, խոստովանել, որ միգուցե չպետք է տրվեր էմոցիաներին։ Խորհուրդ է տվել կուսակիցներին իր պես չտրվել սադրանքներին՝ հասկացնելով, որ ով էլ լիներ իր փոխարեն նույնը կաներ։ Ի դեպ, ի հեճուկս տարածված լուրերի, խմբակցության նիստում որեւէ մեկը ԱԺ նախագահի հրաժարականի հարց չի բարձրացրել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն երեկ հայտնեց, որ Մալիշկայում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կնոջ նկատմամբ վարույթ են նախաձեռնել՝ «վարչապետի նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու փորձի առթիվ» եւ ձերբակալել: Այդ երբվանի՞ց իշխանության ներկայացուցչի վրա իր նետելը դարձավ «բռնություն գործադրել», եւ քաղաքական ակցիան՝ «վարչապետի օրինական գործունեությանը միջամտել»: Սրանք տեղյա՞կ չեն, որ Եվրոպայում կոշիկ են նետել Մակրոնի ուղղությամբ, պոմիդորներ ու ձվեր են նետում նախագահների վրա: Հոդվածն էլ Քրօր․-ի ամենածանր հոդվածներից է` Պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելը, որը պատժվում է տուգանքից մինչեւ 10 տարի ազատազրկմամբ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան տեղեկացանք, որ ադրբեջանցիները մտել են Սիսիանի Բնունիս համայնք, թակել Գասպարյանների դուռը: Սիսիանի ոստիկանները հաստատեցին լուրը, սակայն ողջ օրը իրավապահները լռեցին, եւ պարզ չդարձավ, թե ինչպես են նրանք շրջանցել մեր սահմանապահներին, եղե՞լ են սահմանապահներ։ Ադրբեջանցիները 3-ն են եղել՝ զինվորական հագուստով։ Դուռը բացել է տիկին Շողիկը, ով կասկածել է ու ահազանգել ոստիկանություն։ Նա մեզ ասաց․ «․․․ո՞վ չէր վախենա, այո, վախեցել եմ … բան չխոսացին, բայց ամեն ինչ պարզ էր»։ Ավելի ուշ մեկ այլ բնակավայրում՝ Աշոտավանում, իրավապահները բռնել են ադրբեջանցիներից մեկին, տարել ոստիկանության Սիսիանի բաժին, մյուս երկուսը փախել են։ Ադրբեջանցին Աշոտավանում եւս այցելել է մի քանի տուն, զրուցել բնակիչների հետ: Ասել է, որ 3 օր է՝ Հայաստանում է, թաքնվել է անտառներում։ Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ երկուսը փախել են, ոստիկանության Սիսիանի բաժնից ասացին․ «Ո՞վ ասաց, որ 3-ն են եղել, միգուցե 6-ն են, մանրամասներ չենք կարող հաղորդել»։ Ոստիկանությունում ադրբեջանցին ասել է, թե տարածքը շփոթել է: Նրան փոխանցել են ԱԱԾ-ին։ Ուշագրավ է, որ ադրբեջանցիները Բնունիսում թակել են 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տան դուռը, ում տուն ընդամենը մեկ ամիս առաջ, դստեր հետ, այցելել էր վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Համայնքում կատարվածը զուտ պատահականություն չեն համարում` տարբեր վարկածներ են քննարկում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազի միջնորդագրի քննարկմանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին, երբ խորհրդարանը քննում էր պատգամավորներ Արմեն Չարչյանին եւ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրերը, ընդդիմադիրները բոյկոտեցին այդ նիստերը՝ պատճառաբանելով, թե իշխանությանը միայնակ են թողնում՝ իրենց սարքած շոուի հետ։ Ընդդիմության շարքերում կարծում են, որ Մհեր Սահակյանի իրավիճակն այլ է, Չարչյանի եւ Սեյրան Օհանյանի դեպքում իշխանությունը թմբկահարեց նախկին-ներկա դիսկուրսը, իսկ Սահակյանի դեպքում չի կարող, քանի որ խոսքը ո՛չ չարաշահման, ո՛չ թալանի մասին է, այլ՝ ինքնապաշտպանության։ Մեզ ասացին, որ հիմնականում դաշնակցականներն են պնդել, որ պետք է մասնակցել նիստին եւ պաշտպանել գործընկերոջը։ Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ ներկայացրած միջնորդագիրը կքննարկվի այսօր մեկնարկող նստաշրջանում։ Թեման` ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի կողմից մարտի 31-ին պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին հասցված հարվածն է, որտեղ իրավապահները տեսել են երկու հանցանք` մարմնական վնասվածք եւ խուլիգանություն։ Նշենք, որ ԱԺ օրակարգում է նաեւ ՄԻՊ ընտրության հարցը, որով էլ կմեկնարկեն օրակարգը, իսկ Մհեր Սահակյանի հարցը երկրորդն է: Բանն այն է, որ ապրիլի 12-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, եւ որպեսզի փակ քվեարկությունից շատ բացակայողներ չլինեն, որոշել են մինչեւ գործուղումը քննարկել այս հույժ կարեւոր հարցը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօրվանից մեկնարկում են ԱԺ նոր նստաշրջանի աշխատանքները: ԱԺ այս նստաշրջանը խոստանում է թեժ լինել. թերեւս ամենաէպիկը ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է, որը ԱԺ վաղվա նիստում ընդգրկված երկրորդ հարցն է: Բացի սա, այս նստաշրջանում վերջապես խորհրդարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան է ընտրելու: ՄԻՊ-ի հարցը կքննարկվի հենց նիստի սկզբում՝ որպես առաջին հարց: Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել է Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Հավելենք, որ խորհրդարանականները այս նստաշրջանի ընթացքում պետք է նաեւ դատավորներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ ընտրեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վաղը ՀՀ ԱԺ-ն կքննարկի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային հետապնդում հարուցելու դատախազության միջնորդությունը. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կներկայացնի: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 71 պատգամավոր ունեցող ՔՊ-ն միայնակ կարող է հավանություն տալ միջնորդությանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն Մհեր Սահակյանի մասով միասնական որոշում ունի, ինչպես Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի դեպքում էր. կգան եւ համաձայնություն կտան ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը: Ընդ որում՝ եթե Օհանյանի ու Չարչյանի դեպքում իշխող ֆրակցիայի ներսում տարաձայնություններ եղել են, ապա Մհեր Սահակյանի դեպքում իշխանականներն ավելի «մարտական» են տրամադրված: Ի դեպ, ընդդիմությունը եւս մասնակցելու է նիստին եւ օգտագործելու է ՔՊ-ականների մասնակցությամբ աղմկահարույց միջադեպերի ողջ «զինանոցը»: ՔՊ-ն խոցելի վիճակում է գտնվում հիմա՝ կուսակցականների վերջին պահվածքի ֆոնին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչական դատարանի դատավորները մեկը մյուսի հետեւից վերադարձրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցերը: Ինչպես հայտնի է, Սիսիանում համայնքապետի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ինչպես նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ավագ Ասատրյանին, ՔՈ անդամ Վարդան Բալյանին, եւ դատարանից պահանջում էին, որ ստիպի ԱԺ պատգամավորին եւ մյուս անձանց Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով վարչական պատասխանատվության ենթարկել: Իսկ ի՞նչ են արել վերոնշյալ անձինք, որ նրանց ՔՊ-ն հասցրել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ն նրանց մեղադրում է լռության օրը հակաքարոզչություն անելու համար: Արդյունքում դատարանը բոլոր հայցերը հետ է վերադարձրել, որտեղ թերություններ են եղել:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը երեկ քննվել է Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն որոշում չի կայացվել։ Դատարանը բավարարել է մեղադրվող կողմի միջնորդությունը եւ նախապես նշանակած գրավոր քննությունը փոխել է բանավորի, ինչը նշանակում է, որ Գեւորգ Սիմոնյանը ներկա է գտնվելու նիստին եւ հայտարարություններ է անելու: Գրավոր ընթացակարգի դեպքում մեղադրյալի մասնակցությունը պարտադիր չէ։ Հիշեցնենք․ նա կալանավորվել էր մարտի 12-ին: Սիմոնյանը մեղադրվում է 2020-2022թթ. ընթացքում առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը չարաշահելու եւ քովիդի դեմ պայքարի համար նախատեսված միջոցների ծախսման նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու համար: Այս գործի թելերը տանում են դեպի առողջապահության ներկա եւ նախկին նախարարներ, քովիդի պարետ, սակայն Փաշինյանը հանձնարարել է բացահայտումների շղթան կտրել եւ առայժմ բավարարվել փոխքաղաքապետով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքական իշխանություններն օրերս պաշտոնից ազատված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Սերգեյ Մեղրյանին առանց աշխատանքի չեն թողնի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ընկերոջը խոստացել են իր հարազատ համակարգ վերադարձնել եւ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակել: Ասել է թե՝ Սերգեյ Մեղրյանը կվերադառնա իրեն հոգեհարազատ ոլորտ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի ավագանու՝ աշնանը սպասվող ընտրությունները իսկական գլխացավանք են դարձել ՔՊ-ի համար, քանի որ իրենք էլ հիանալի հասկանում են, որ իրենց վարկանիշը մոտենում է «հատակին», իսկ արդար ընտրությունների դեպքում հաղթելու շանսերը զրոյական են: Այդ իսկ պատճառով իշխանությունները փորձում են գտնել գործընկեր քաղաքական ուժեր, որոնց հետ կարող են դաշինք կազմել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համագործակցության առաջարկ է արվել նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, սակայն նա կտրուկ մերժել է: Մեր տեղեկություններով, նեղ շրջանակներում Սարգսյանը նշել է, որ ՔՊ-ն բոլոր ոլորտներում ձախողվել է, վարկանիշը շատ ցածր է, իշխանություն պահելու շանսերը գնալով պակասում են: Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Արամ Սարգսյանի կարծիքով, ինքը ավելի բարձր վարկանիշ ունի, իսկ իշխանության իրական այլընտրանքն իր ղեկավարած ուժն է: