27.11.2024
Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ խորհրդարանական համագործակցությունը. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում UNHCR-ի ներկայացուցչին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում փախստականների իրավական պաշտպանության, ապաստանի տրամադրման և համապատասխան դատական գործերի քննության վերաբերյալ հարցեր։


Կողմերը կարևորել են արդարադատության ոլորտի ընթացիկ բոլոր բարեփոխումներում փախստականներին և ապաստան հայցողներին առնչվող դրույթների պատշաճ ներառումը։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատավորների մասնագիտացման, հանրային պաշտպանների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կարողությունների զարգացման անհրաժեշտությանը։


Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունն առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության:


Այս համատեքստում կարևորվել են նախանշված համագործակցության ուղղությունների համակարգման և դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու առաջնահերթությունը։


Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել համատեղ կլոր սեղան-քննարկում՝ փախստականների և ապաստանի հայցողների հարցերում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ: