Արարատ Միրզոյանը Ռումինիայում է. ինչ շեշտադրումներ է նա արել
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են «2023-24թթ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև գործողությունների պլանը»:
Նախարարների ներկայությամբ տեղի է ունեցել նաև հայ-ռումինական համատեղ նամականիշի մարում՝ նվիրված ռումինահայ հայտնի բժիշկ Անա Ասլանին:
«Կցանկանայի ընդգծել, որ 2022թ. սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդների գործուղումը Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի հայկական կողմ և հետագայում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկան առաքելության տեղակայումը հանդիսանում է ԵՄ կարևոր ներգրավվածություն մեր տարածաշրջանում: Նշեմ, որ մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր ներդրումը ԵՄ համապատասխան քննարկումներում:
Պետք է նշեմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ բացահայտ խախտումը չէ։ Չկա հայտարարության գրեթե մի դրույթ, որը խախտված չլինի Ադրբեջանի կողմից։ Հայ ռազմագերիներին շարունակաբար պատանդառության մեջ պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի պահանջների հետ մեկտեղ, Ադրբեջանը չի ապահովում «ներքին տեղահանված անձինք և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։