24.11.2024
ՆԳ նախարարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ փոխգործակցությունը
prev Նախորդ նորություն

Ազգային փոքրամասնության պատգամավորը կամուրջ է համայնքի եւ պետական ապարատի միջև. Սանդիկով

Ազգային փոքրամասնության պատգամավորը տվյալ համայնքի եւ Կառավարության միջեւ իրական կապող օղակն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:


Նա անդրադարձել է խորհրդարանի ազգային փոքրամասնության պատգամավորների ընթացիկ գործունեությանը, կարեւորել այն մեծ օրենսդրական աշխատանքը, որ նրանք կատարում են ի պաշտոնե, ինչպես նաեւ շեշտադրել տարբեր խնդիրների շուրջ գործադիր իշխանության տարբեր մարմինների հետ համագործակցությունը, ինչի շնորհիվ լուծում են ստանում բազմաթիվ մեծ ու փոքր հարցեր:


Ալեքսեյ Սանդիկովն ընդգծել է ազգային փոքրամասնությունների լեզվի, մշակույթի պահպանման ու զարգացման խնդիրների լուծման գործում համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Պատգամավորն անդրադարձել է նաեւ Հայաստանում ռուսական թեքումով, ՌԴ-ում հայկական դպրոցների աշակերտներին մայրենի լեզվով դասագրքերով ապահովման խնդրին, տեղեկացրել, որ առաջիկայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ռուսական կողմը մեր երկիր կառաքի շուրջ 60 հազար դասագիրք: Իսկ ՌԴ-ում գործող հայկական կրթօջախները կապահովվեն հայերեն դասագրքերով:


Ալեքսեյ Սանդիկովի հավաստմամբ այս տարվա մայիսի 9-ին ՌԴ մայրաքաղաքում տեղի ունենալիք ֆաշիզմի դեմ հաղթանակի զորահանդեսին ներկա կլինեն նաեւ Հայաստանի երկու վետերան, որոնց տարիքն արդեն անցնում է հարյուրը: «Մեծ հայրենականը մեր երկրի պատմության էջն է, Հայաստանից յուրաքանչյուր 3-րդը մասնակցել է պատերազմին, տվել ենք 100-ից ավելի հերոսներ, ունենք չորս մարշալ»,- նշել է ԱԺ պատգամավորը:


Պատասխանելով ուսանողներից մեկի` ռուսական խաղաղապահ զորքի Արցախում տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ հարցին` Ալեքսեյ Սանդիկովը փաստել է իր անձնական տեսակետը. «Քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա խաղաղության պայմանագիր, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հարցը, ռուս խաղաղապահները պետք է մնան Արցախում»: