24.11.2024
Հայաստանը պատվիրել է հնդակական ինքնագնաց հաուբիցներ. IDRW
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել. Արմեն Գրիգորյան

Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։


«Այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն», - ասել է նա:


Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ կա միջազգային պայմանավորվածություն բանակցել Ղարաբաղի հայերի հետ, Արմեն Գրիգորյանը նշել է, որ խոսքն այդ բանակցությունների համար միջազգային մեխազնիմի ձևավորման մասին է:


«Դեռևս սեպտեմբերին մենք Վաշինգտոնում հանդիպում ենք ունեցել Ջեք Սալիվանի և Հիքմեթ Հաջիևի հետ, և քննարկման թեմաներից մեկը եղել է հենց միջազգային մեխանիզմի ձևավորումը: Կարծում եմ՝ սա նկատի ուներ, որ միջազգային մեխանիզմի մասին երբ խոսում ենք, որի շրջանակներում քննարկումներ պետք է տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև, բայց այս քննարկումները վերջնագրերի մասին չեն, որովհետև Ադրբեջանը որոշակի վարքագիծ է դրսևորում, որը դուրս է պայմանավորվածություններից, այսինքն՝ փորձում է վերջնագրերով խոսել, շարունակում է տարբեր գործիքներով ճնշել Լեռնային Ղարաբաղին, նկատի ունեմ՝ Լաչինի միջանցքը փակ պահել, դիվերսիան, ահաբեկչական գործողություններ իրականացնել, նկատի ունեմ մարտի 5-ին, նաև ինչպես Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունն էր չորեքշաբթի օրը հայտարարել՝ ահազանգում է, որ Ադրբեջանը պրովոկացիաների է նախապատրաստվում», - ասել է Գրիգորյանը:


Նա նշել է, որ Բաքվի հետ Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել:


«Մենք այդպիսի հարց չենք քննարկել: Բոլորն էլ հրապարակային խոսել են, որ այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն», - նշել է Գրիգորյանը` հավելելով, որ պետք է քննարկվ այն, ինչ պայմանավորվել են, այսինքն՝ իրավունքներ և անվտանգություն միջազգային մեխանիզմի շրջանակներում:


Դիտարկմանը, թե ըստ Ադրբեջանի՝ դա կարող է և ենթադրել ինտեգրացիա, Գրիգորյանն արձագանքել է. «Եթե կանխորոշում ենք վերջնարդյունքը, ապա այդ բանակցությունները դժվար են առաջ գնալու, որովհետև Լեռնային Ղարաբաղն էլ կարող է հայտարարել իր ակնկալիքների վերջնարդյունքների մասին: Դրա համար որպեսզի բանակցությունները տեղի ունենան, պետք է հնարավորություն ստեղծել քննարկումների մասին, և պետք է մնալ պայմանավորվածությունների շրջանակում, որովհետև մենք պայմանավորվել ենք քննարկելու անվտանգություն և իրավունքներ»:


Նրա խոսքով, արցախահայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմն այն, որ բանակցություններ կամ քննարկումներ տեղի ունեան Ստեփանակերտի և Բաքվի միջև, և քննարկումների արդյունքում օրինակ որոշվի, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծի շուրջ ստեղծվում է ապառազմականացված գոտի:


«Այդ ապառազմականացված գոտին, բնականաբար, անվտանգության երաշխիքներ է ստեղծելու Լեռնային Ղարաբաղի համար: Կարող են քննարկվել այլ հարցեր, կարծում եմ՝ բազմապիսի հարցեր կան, որոնք կարող են քննարկվել, միջազգային հանրության ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարող է քննարկել, և մեխանիզմ ստեղծել, թե ինչպես է միջազգային հանրությունը ներկա, որպեսզի անվտանգություն ապահովի ԼՂ-ում ապրող հայերի համար: Իրավունքների մասին կրկին մեխանիզմներ կարող է քննարկել, և այդ մեխանիզմների շրջանակում իրավունքները ապահովել: Այսինքն՝ այս պահին կա միջազգային մեխանիզմ բանակցությունների մասին պայմանավորվածություն, բայց կարգավորումները, որոնք պետք է ապահովեն անվտանգություն և իրավունքներ, արդեն բանակցությունների առարկա են», - ասել է Արմեն Գրիգորյանը: