28.11.2024
Ժամկետային զինծառայող Անդրանիկ Օհանյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
prev Նախորդ նորություն

Ստորագրվել է ԱԺ սոցիալական մեդիայի հարթակներով հաղորդակցության կազմակերպման փաստաթուղթը

21-րդ դարը տեխնոլոգիաների զարգացման, սոցիալական մեդիայի վերելքի դարաշրջան է: Այս պատճառով ռազմավարության եւ կանոնների առկայությունը ժամանակի եւ գործընթացի թելադրանք է: Այս մասին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ՀՀ Ազգային ժողովի սոցիալական մեդիայի հարթակներով հաղորդակցության կազմակերպման ռազմավարության եւ ՀՀ Ազգային ժողովի սոցիալական մեդիայի հարթակներով հաղորդակցության կազմակերպման անվտանգության եւ բարեվարքության կանոնների վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողությանը:


«Ներքին իրավական ակտերի առկայությունը մեծապես նպաստելու է սոցիալական մեդիահարթակներում Ազգային ժողովի` որպես օրենսդիր մարմնի եւ ԱԺ աշխատակազմի գործունեության դյուրացմանը»,- ընդգծել է Դավիթ Առաքելյանը:


Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը շնորհակալություն է հայտնել ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը` համագործակցության համար: Բանախոսը համոզմունք է հայտնել, որ սոցիալական մեդիայի ռազմավարությունը կօգնի ԱԺ աշխատակազմին` հանրության հետ արդյունավետ հաղորդակցվել: Նրա խոսքով Միջազգային հանրապետական ինստիտուտը մշտապես պատրաստ է աջակցել նման նախաձեռնություններում:


Փաստաթղթերը մշակվել են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետ համատեղ:


ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը եւ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշել են, որ փաստաթղթերը խորհրդարանի մեդիաոլորտի պատասխանատուների համար կարեւոր աշխատանքային գործիքներ են: «Մենք շուրջ մեկ տարի աշխատել ենք փաստաթղթերի ստեղծման ուղղությամբ: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս փուլում չէինք կարող խորհրդարանում չունենալ հաղորդակցության կազմակերպման նման ռազմավարություն»,- ընդգծել է Լաուրա Անտոնյանը:


«Մեզ համար շատ կարեւոր է, որ բոլոր այն անձինք, ովքեր աշխատում են խորհրդարանում, գիտակցեն կառույցի կարեւորությունը եւ սոցիալական հարթակներում դրսեւորեն իրենց` կառույցին համապատասխան»,- նշել է Ծովինար Խաչատրյանը:


Փաստաթղթերի ռազմավարական նշանակությունը ներկայացրել է սոցիալական մեդիայի փորձագետ, ռազմավարության հեղինակ Արտակ Հարությունյանը: Նա նշել է, որ փաստաթղթերը մշակելիս դիտարկվել է այլ երկրների փորձն այս ոլորտում: