Անթույլատրելի է Բաքվի կողմից կրոնական գործոնի շահարկումները. Միրզոյան
Մարտի 8-ին Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ, որի ժամանակ նրանք ընդգծել են ազգային և կրոնական հողի վրա անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների անթույլատրելիությունը, կարևորել ծայրահեղականութան և ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ջանքերը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ անդրադառնալով Եգիպտոսի՝ դարավոր պատմություն ունեցող հայկական համայնքին՝ զրուցակիցները համաձայնել են, որ այն կարևոր ներդրում է ունեցել Եգիպտոսի զարգացման մեջ: Գոհունակություն է արտահայտվել հայ և եգիպտացի ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամության, ինչպես նաև երկու երկրների միջև զարգացող համագործակցության կապակցությամբ, որի լավագույն դրսևորումն էր փետրվարին Եգիպտոսի նախագահի առաջին այցը Հայաստան:
Երկուստեք կարևորվել է կրոնական ու պատմամշակութային հարուստ ժառանգության ներկայացման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչումը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին և առկա մարտահրավերներին՝ նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը: Նախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հանգուցալուծման հրամայականին:
Նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերը և Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացման վտանգ պարունակող վերջին օրերի հայտարարությունները և գործողությունները:
Իր հերթին Գերագույն Իմամը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ դիրքորոշումը՝ վկայակոչելով 2020թ. հոկտեմբերից ի վեր իր կողմից արված հայտարարությունները: Տարածաշրջանում ժողովուրդների միջև հանդուրժողականության կոչերի համատեքստում Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբը հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության օրերին Գերագույն Իմամ, շեյխ Սելիմի ուղերձը՝ փրկել հայերին ու չմասնակցել կոտորածներին: