Կինն իմ մուսան է. Վլադիմիր Աբրահամյան
Մարտի 8-ին, ժամը 16:00 Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնհարկում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» ցուցադրությունը: Կանանց միջազգային օրվա առթիվ սրահում կհավաքվեն Վ. Աբրահամյանի խորհրդավոր կանայք. կցուցադրվեն նկարչի վրձնած կանանց դիմանկարները, նատյուրմորտներ:
Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունը հարուստ է կանանց կերպարներով, դրանք հիմնականում իրական կերպարներ են, բայց բոլորը բնորդուհիներ չեն, կան նաև երևակայական, հորինված կերպարներ:
«Ինչպես կարելի է առանց նրանց ապրել, ստեղծագործել։ Իմ ստեղծագործության բոլոր կանայք չէ, որ բնորդուհիներ են եղել, հաճախ ստեղծել եմ իմ երևակայական կանանց։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ նրանք հիմնականում մենակ են, առանց տղամարդու։ Ես նրանց այնպես եմ խանդել, որ չեմ ցանկացել պատկերել ոչ մի տղամարդու հետ, որովհետև այդ պահին ես եմ եղել նրանց զրուցակից տղամարդը․․․Ամեն անգամ կարծես սեր եմ բացատրել այն կանանց, որոնց վրձնել եմ․․․»,- հարցազրույցներից մեկում անկեղծացել է նկարիչը:
Ցուցահանդեսին կներկայացվեն հայտնի ու դեռևս չցուցադրված գործեր: Սրահի մի հատվածում կցուցադրվեն նաև նկարչի մասին պատմող ֆիլմեր: Կհրապարկվեն նրա՝ երիտասարդ տարիներին գրված չափածո ստեղծագործությունները:
*
Կապույտ են աչքերս`
երկնային գույն,
ուստի հոգիս էլ
պիտի որ լինի
երկնային մի ամպ,
բայց ոչ գորշացած
ու բքահալած,
այլ մի կապուտակ
ու շատ կարոտած:
Բայց դրա համար
չեմ տխրում այնպես,
որ անձրև թափեմ
ու գորշանամ ես.
չէ՞ որ հոգիս էլ
ամպ է կապուտակ,
թովիչ, ինչպես նա,
աստղ հերարձակ:
Առոն Բաբաջանյան համերգասրահը նոր քաղաքականություն է որդեգրում՝ սրահները տրամադրելով նաև նկարիչների ցուցահանդեսներին: Իսկ ներքնահարկը, որտեղ կբացվի Վ. Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցադրությունը, երկար ժամանակ չի գործել: