Ադրբեջանի սադրանքը ապացուցեց Փաշինյանի մարտավարության սնանկությունը. Սուրենյանց
Ադրբեջանական երեկվա սադրանքից հետո երկու թեզ է շրջանառվում: Երկուսն էլ՝ խորքային առումով սխալ են: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Արշավ է սկսվել խաղաղության դեմ՝ այն հիմնավորմամբ, թե Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցել հնարավոր չէ:
Միանգամից նկատեմ, որ այս թեզի սնուցման հիմնական աղբյուրն իսկապես Ալիևի ագրեսիվ քաղաքականությունն է:
Մյուս կողմից, մեր արմատականները չեն պատասխանում մի քանի ոչ «էական» հարցերի՝ արդյո՞ք կարգավորման գործընթացից հրաժարումն ավելի ագրեսիվ չի դարձնի Բաքվին, Հայաստանն ունի՞ պատերազմով հարցեր լուծելու հնարավորություն, երբ իրական գեթ մեկ դաշնակից չունենք ու ահռելի դիսբալանս գոյություն ունի մեր և Ադրբեջանի միջև ու վերջապես՝ արդյո՞ք համոզված ենք, որ այն, ինչ այսօր անում է Փաշինյանը՝ կապ ունի խաղաղության օրակարգի հետ:
Այս հարցերի պատասխանները չկան ու ակնհսյտորեն՝ բանակցային լուծումն այլընտրանք չունի:
Մյուս մոլորությունն այն է, որ խաղաղության պետք է ձգտել ամեն գնով, նույնիսկ՝ Արցախի ժողովրդի անվտանգության հաշվին:
Այստեղ էլ պատասխան չի տրվում մի ոչ «էական» հարցի՝ ո՞րն է երաշխիքը, որ Արցախը «փուռը տալով»՝ փրկելու ենք Հայաստանը:
Երեկվա սադրանքը ապացուցեց Փաշինյանի (կամ նրան պարտադրված) մարտավարության սնանկությունը, երբ բոլորիս համոզվում էր, թե արդյունավետ է հայ-ադրբեջանական հակամարտության և ԼՂ խնդրի տարանջատումը: Երեկ տեսանք, թե ինչպիսի «միջազգային երաշխիքներ» են գործում Ստեփանակերտի ու Բաքվի «դիալոգում»: ԼՂ խնդիրը պետք է հայ- ադրբեջանական պայմանագրի մաս լինի՝ Արցախի ժողովրդի համար ապահովելով սուբեկտության և անվտանգության որոշակի երաշխիքներ, որոնց համար հանձնառու կլինի ինչպես պայմանագրի երաշխավոր երկիրը(երկրները), այնպես էլ Հայաստանը՝ որպես պայմանագրի կողմ»,- գրել է նա: