Գրիգոր Մինասյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումների ընթացքը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին հաղորդում են Արդարադատության նախարարությունից:
Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգը:
Հանդիպմանը Գրիգոր Մինասյանն անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումների շուրջ իրականացվող աշխատանքներին: Ներկայացնելով՝ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ճանապարհային քարտեզը, նախարարը նշել է, որ այն Կառավարության կարեւորագույն առաջնահերթություններից է քանի որ այն էապես նպաստելու է երկրի զարգացմանը:
Գրիգոր Մինասյանը խոսել է իրավական փոխօգնության ոլորտում առկա համաձայնագրերի, ինչպես նաեւ Չեխիայի հետ արդյունավետ համագործակցության մասին:
Նախարարը նաեւ անդրադարձ է կատարել դատական եւ իրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվող դատական համակարգի թվայնացման աշխատանքներին՝ ընդգծելով դրանց կարեւորությունը: Միաժամանակ, քննարկել է Չեխիայում հանրային ծառայության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձին ծանոթանալու հնարավորության հարցը՝ մասնավորապես թվային կառավարման ոլորտում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել, որ այս բարեփոխումները կարեւոր դեր ունեն ոլորտի զարգացման համար:
Պետր Պիրունչիկը կարեւորել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը:
Նախարարն ու դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտին վերաբերելի մի շարք այլ հարցեր:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը ոլորտը զարգացնելու ուղղությամբ: