25.11.2024
Ի՞նչ հարցեր են քննարկել Միրզոյանն ու Լավրովը
prev Նախորդ նորություն

Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել ՀՀ-ին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Նյու Դելիում անցկացվող «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ:

ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օմ Բիրլային՝ իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելու եւ հյուրընկալելու համար:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային, առ այն, որ այդ երկիրը կոպտորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները եւ փակել Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 120.000 հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո, խաթարվել է պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, էներգակիրների մատակարարումն Արցախ: Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից եւ կարեւորում է հնդկական կողմի հնչեցրած դատապարտումն անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի եւ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ:

Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին: