24.11.2024
Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից
prev Նախորդ նորություն

ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է. Փաշինյան

Տարածաշրջանային խաղաղության մեր տեսլականի մեկ այլ ասպեկտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Մենք հույս ունենք ամբողջությամբ բացել մեր ընդհանուր սահմանը, որը միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին Թուրքիայի կողմից։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում՝  «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը:


 «Մենք ունենք առաջ շարժվելու մի քանի փոքր, բայց հուսադրող նշաններ: Մեր երկրների հատուկ ներկայացուցիչները 2022 թվականի հուլիսին պայմանավորվել են օդային բեռնափոխադրումներ հաստատելու շուրջ և երրորդ երկրների քաղաքացիների համար միջպետական սահմանները բացել։


Հունվարին վերացվել է Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը, և մենք հուսով ենք, որ շուտով կբացվի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։


Նաև ես հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ 2022 թվականին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որտեղ մենք քննարկեցինք հարաբերությունների կարգավորման հեռանկարները։


Վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանն արագ արձագանքեց։ Ես զանգահարեցի նախագահ Էրդողանին ցավակցություն հայտնելու համար և առաջարկեցի մեր աջակցությունը։ Դրանից հետո տուժած շրջաններ ուղարկեցինք մարդասիրական օգնություն և փրկարարական խումբ։ Շատ կարևոր է փաստել, որ մարդասիրական օգնության երկու շարասյուն Թուրքիա է մտել սահմանային կամրջով, որը 30 տարի շարունակ փակ է եղել։ Մեր փրկարար ջոկատը Հայաստան է վերադարձել այդ նույն կամրջով։


Հայաստանի արտգործնախարարն այցելեց Թուրքիա, հանդիպեց իր գործընկերոջը և վերահաստատեց հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու մեր պատրաստակամությունը։ Թեև վերջին շփումները, իհարկե, զուտ մարդասիրական բնույթի էին, մենք, այնուամենայնիվ, ուրախ կլինենք տեսնել նաև քաղաքական արդյունքներ»։


Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը երբեք որևէ նախապայման չի ունեցել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար:


«Եվ հիմա կարող եմ նույնն ասել` մենք ոչ մի նախապայման չունենք։ Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք հարևաններ ենք և պետք է ունենանք հարաբերություններ։ Եվ անկեղծ ասած, նույնիսկ վստահ չեմ` արդյոք այդ մասին խոսելը ճի՞շտ է, թե՞ ոչ հիմա, բայց կարծում եմ, որ այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է, որովհետև Ադրբեջանը մշտապես հորդորում է Թուրքիային չհաստատել հարաբերություններ Հայաստանի հետ։ Գուցե ես չպետք է դա ասեի, բայց ցանկանում եմ, որ դուք իմանաք այդ գործընթացի շատ կարևոր նրբությունները։ Մենք պատրաստ ենք, հենց այսօր, առանց որևէ չափազանցության հենց այսօր բացել սահմանը։ Ի դեպ, մենք չենք փակել սահմանը, այն փակվել է Թուրքիայի կողմից։ Բայց հիմա մենք շատ կարևոր քայլ ենք արել։ Ինչպես ասացի, մեր հումանիտար օգնությունը հասավ Թուրքիա սահմանի միջոցով։ Իհարկե, մեր արձագանքը և դիրքորոշումն ամբողջությամբ հիմնված էր հումանի տար մոտեցման վրա։ Բայց եթե Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու որոշումն ունենա նաև որոշակի քաղաքական հետևանքներ, մենք դրա համար ուրախ կլինենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։