ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Հնդկաստան-Հայաստան երկխոսություն համաժողովում:
«Բարձր ենք գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, եւ հնդկական կողմի հնչեցրած դատապարտումը՝ կապված անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի եւ դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման հետ:
Բարձր ենք գնահատում նաեւ Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, եւ, ի լրումն արդեն իսկ առկա դժվարությունների, ներկայումս մենք բախվում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված Ադրբեջանի քաղաքականության, շարունակական սադրանքների, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի ձգտումների: Պատերազմ հրահրող հռետորաբանությունը, Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները եւ ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը»,- փաստել է Հակոբ Արշակյանը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հնդկաստանը գլոբալ եւ տարածաշրջանային կայունության կարեւոր հենարան է, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզներում:
Հայաստանը սատարում է Հնդկաստանին՝ բարեփոխումների ընթացիկ ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամություն ստանալու հարցում:
«Հայաստանը գնահատում է Հնդկաստանի հավասարակշռված եւ կայունացնող դիրքորոշումը գլոբալ ցնցումների այս ժամանակներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունն այս ուղղությամբ վառ օրինակ է, եւ մենք հուսով ենք, որ G-20-ում եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունում Հնդկաստանի շարունակական նախագահությունը նույնքան ներդրում կունենա տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության եւ կայունության մեջ»,- ասել է Հակոբ Արշակյանը:
Անցյալ տարի նշվել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անդրադառնալով պատմությանը՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հույն պատմաբան եւ քաղաքական գործիչ Քսենոփոնը գրում է հայերի մասին Հնդկաստանում դեռեւս մ.թ.ա. 430-350 թվականներին:
ԱԺ փոխնախագահի խոսքով մեր ժողովուրդների միջեւ ավանդաբար ջերմ հարաբերությունների եւ փոխադարձ աջակցության խորհրդանիշն են նաեւ Հնդկաստանի տարբեր քաղաքներում հիմնված հայկական եկեղեցիներն ու կրթամշակութային կազմակերպությունները:
«Երկու երկրների հարաբերությունները շարունակաբար ամրապնդվել են 30 տարիների ընթացքում, իսկ վերջին երեք տարիները մեր հարաբերություններում նշանավորվել են ահռելի զարգացման միտումով»,- նկատել է ԱԺ նախագահի տեղակալը:
Նա արձանագրել է երկու երկրների միջեւ ընթացող բարձր մակարդակի քաղաքական փոխգործակցությունը. 1964 թվականին Հնդկաստանի նախագահ Սարվեպալի Ռադհակրիշնանը, 1976 թվականին վարչապետ Ինդիրա Գանդին պատմական այց են կատարել Հայաստան, ինչպես նաեւ 1995 թվականին եւ 2003 թվականին եղել են Հայաստանի Հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահների այցերը Հնդկաստան:
2021 թվականին Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը կարեւոր այց է կատարել Հայաստան, որին հաջորդել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Հնդկաստան:
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը նոր լիցք է հաղորդել արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմին, եւ հաջողվել է կազմակերպել առեւտրի, տնտեսության, տեխնոլոգիայի, գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում համագործակցություն:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն արձանագրել է տնտեսական ոլորտում դրական դինամիկան. «Պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալներն էապես աճել են: 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 128,5 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ 2021 թվականին այն արդեն 216,1 մակարդակի վրա էր, իսկ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին այդ ցուցանիշը հասել է 315,4 մլն ԱՄՆ դոլարի: Սակայն այս թվերը չեն արտացոլում մեր երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ամբողջ ներուժը, եւ մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք ապրանքաշրջանառության ծավալների մեծացում»,- նշել է Հակոբ Արշակյանը: