Դատախազները երկու անգամ ավելի կստանան
Առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի ընդունման արդյունքում նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:
Փոխնախարարը նշել է, որ առաջարկի հիմքում դատախազների աշխատանքի ռիսկայնությունն է, ինչպես նաեւ այդ աշխատանքն առավել գրավիչ դարձնելու նպատակը: Նշվել է, որ հավելումը դատախազները կստանան ոչ հավասար չափով, յուրաքանչյուր դատախազ հավելում կստանա` ըստ իր դրույքաչափի:
Հարցը քննարկվել է հանձնաժողովի` փետրվարի 27-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն: