ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին 10.5 տոկոսով ավելացել է
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվարին 10.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ, այնինչ այս տարվա հունվարի ցուցանիշը 2022-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել է 46.1 տոկոսով: Այս մասին են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Նշվում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 1.4 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 12.2 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվարին 2022-ի հունվարի նկատմամբ ավելացումը կազմել է 17.7 տոկոս: Հայաստանում 2023 թվականի հունվարին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 25.9 տոկոսով:
2023 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվարի համեմատ աճել է 8.1 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 1.6 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն այս տարվա առաջին ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 1.5 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրել է 93.8 տոկոս աճ: Ընդ որում` արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 72.5 տոկոսով: