ՀՀ դեսպանն Իսպանիայի խորհրդարանում ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը
Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի խորհրդարանի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Սուսանա Սումելսո Խորդանի և հանձնաժողովի անդամների հետ։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են խորհրդարանականներ Իսպանիայի Սենատից և Պատգամավորների Կոնգրեսից։
Ինչպես հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը, դեսպանն իսպանացի խորհրդարանականներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 70 օր շարունակվող արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու անհրաժեշտությունը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ։ Դեսպան Ավետիսյանը պատասխանել է իսպանացի խոհրդարանականներին հետաքրքրող հարցերին։