Ալեն Սիմոնյանն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ առկա ակտիվ քաղաքական երկխոսությանը:
«Ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին մեծապես կարեւորում ենք ԵՄ շրջանակներում համագործակցությունը Ձեր երկրի հետ: Ուրախ ենք Հայաստանում ոչ ռեզիդենտ նոր դեսպան նշանակելու կապակցությամբ: Հուսամ, որ ապագայում մենք կունենանք նաեւ ռեզիդենտ դեսպաններ մայրաքաղաքներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին առնչվող բանաձեւեր ընդունելու, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձմանը վերաբերող բանաձեւի համար:
Նա հիշեցրել է, որ մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ են առնվազն 33 հայ ռազմագերիներ: ԱԺ խոսնակը բարձր է գնահատել նաեւ արտգործնախարարի անձնական դերակատարումը միջազգային հարթակներում Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող զգայուն խնդիրները պարբերաբար բարձրաձայնելու հարցում:
Հանդիպմանը կարեւորվել է ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը: