Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատեց Ռուբեն Վարդանյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ:
Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
«Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ: Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես ձգտել է առավելագույն չափով ինձ հետ կիսել պատասխանատվությունը և ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ փորձել այն բարդել ինձ վրա: Բայց մյուս կողմից նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտենում նաև Արցախում ստեղծված վիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար իմ անձնական պատասխանատվության ծավալին ու չափին»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: