25.11.2024
Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձը Նիկոլ Փաշինյանն է. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Ի՞նչ շրջադարձային իրադարձություններ են սպասվում Արցախում այսօր. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Արցախում այսօր շրջադարձային իրադարձություններ են սպասվում. բոլորը շունչները պահած սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա ուղերձին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱՀ նախագահն իր ուղերձը հրապարակելու է կեսօրից հետո ֆեյսբուքյան իր էջում: Նշենք, որ այսօր Արցախի ԱԺ-ն նիստ է գումարելու, Արայիկ Հարությունյանին առաջարկել են գալ խորհրդարան եւ ԱԺ ամբիոնից ուղերձը հնչեցնել, սակայն վերջինս հրաժարվել է՝ նախընտրելով ուղերձով հանդես գալ ֆեյսբուքյան իր էջում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Հարությունյանն իր ուղերձում պատրաստվում է հայտարարել պետնախարար Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելու մասին: Հայտնել էինք նաեւ, որ Արցախի պետնախարարի նոր թեկնածուն գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է, որն, ի դեպ, հաստատել է արդեն, որ նախագահից նման առաջարկ ստացել է: Տեղեկացանք նաեւ, որ ԱՀ նախագահն իր ուղերձում հայտարարելու է նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու մասին, որը, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է Արցախում ընդդիմադիր քաղաքական գործիչ ներկայացող Տիգրան Պետրոսյանը: Արցախում վստահ են, որ Արայիկ Հարությունյանը փորձելու է ամեն կերպ արդարացնել իր՝ Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելու որոշումը, ներկայացնելու է, թե դա Արցախում ներքաղաքական կյանքը հանդարտեցնելու համար է անում, մինչդեռ Արցախում ընդդիմադիրները վստահ են, որ նա դա անում է հենց Փաշինյանի պահանջը բավարարելու համար: Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնից հետո որեւէ նոր պաշտոնի մտադիր չէ անցնել, բայց շարունակելու է մնալ Արցախում: Արցախի խորհրդարանական ընդդիմությունն էլ իր հերթին սպասում է Արայիկ Հարությունյանի այսօրվա ուղերձին, որպեսզի, դրանից ելնելով, քայլեր ձեռնարկի:


«Փաստ» օրաթերթը գրում է. Այսօր Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանը կազատվի պետնախարարի պաշտոնից: «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին Արայիկ Հարությունյանն ու Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն այցելել են Նիկոլ Փաշինյանին՝ ստանալու վերջինիս «օրհնությունը», որ Վարդանյանի փոխարեն պետնախարար նշանակվի հենց Ներսիսյանը: Ի դեպ, այն տեղեկություններին, թե նախ պետնախարար է նշանակվելու, իսկ հետագայի համար Արցախի նախագահի պաշտոնի հավակնություններ ունի, Ներսիսյանը ծայրահեղ բուռն էր արձագանքել՝ այդ տեղեկությունները որակելով իր դեմ կազմակերպված «արշավ»: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշումներ է կայացրել ԱԺ պատգամավորներից մի քանիսի նկատմամբ հարուցված վարույթներով: Մասնավորապես, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ խախտում չի հայտնաբերվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի եւ ՔՊ -ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ հարուցված վարույթներով: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարույթներ էին հարուցվել Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով: Գրել էինք, որ պատգամավորները ստացել էին հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով երեկ կալանավորված անձը չի ընդունում մեղադրանքը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա ԱԱԾ-ում ցուցմունք է տվել եւ հայտնել , որ ինքը եղել է այնտեղ, բայց Արարատ Միրզոյանին չի հարվածել։ Ստացվում է, որ աղմկահարույց միջադեպից երեք տարի անց երկու անձ է կալանավորվել, եւ երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը, որ ծեծել են Արարատ Միրզոյանին: Ավելին՝ չկա նաեւ ծեծի ապացույց տեսանյութ: Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-Ն հայտնեց, որ Թ․ Ա․-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ, դրանով պայմանավորված, նույն օրը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու եւ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, դրանց ներսում զանգվածային անկարգություններ են կատարվում, դրանց մասնակցելու նպատակով գնացել է Երեւան քաղաքի Դեմիրճյան եւ Պռոշյան փողոցների խաչմերուկ։ Այդտեղ էլ տեսնելով, որ ավտոմեքենայում խցանման մեջ է գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տեղում միացել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ վերջինիս պետական գործունեությունը դադարեցնելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել Արարատ Միրզոյանի գլխին եւ մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով վերջինիս պատճառվել է դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ եւ այլ մարմնական վնասվածքներ, եւ Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը: Մյուս կալանավորվածը Արա Բ.-ն է:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կառավարությունը երեկ «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։ Երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Ամուլսարի հանքը շուտով կշահագործվի։ Նկատենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, կարելի է ասել, այս ժամանակահատվածում ոչինչ չի արել, որպեսզի հանքը շահագործվի, այլ իշխանություններն են ամեն քայլի դիմել, որպեզի փաստաթղթեր ստորագրեն՝ հանքը շահագործելու համար: Բանն այն է, որ իշխանությունը փորձում է գումար հավաքել՝ ցույց տալու համար, որ այսպես բյուջե են լցնում եւ եկամուտներ ապահովում: Գաղտնիք չէ՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցը նախկինում դժգոհություններ էր առաջացրել նաեւ Ջերմուկի բնակիչների շրջանում: Հիմա, Ամուլսարի հանքը շահագործելով, նաեւ ցանկանում են ակտիվացնել Ջերմուկում կյանքը, ցույց տալ, թե այնտեղ ամեն ինչ լավ է, բայց իրականում այնտեղ մարդիկ քիչ են, գրեթե դատարկ է քաղաքը: Այսպես փորձելու են ցույց տալ, թե Ջերմուկում կյանքն են ակտիվացնում եւ հետն էլ 250 մլն բյուջե են լցնում:


«Հրապարակ» թերթը գրում է.  Պաշտպանության նախարարությունը «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին խոշոր չափի՝ 215 մլն դրամի, այսինքն՝ մոտ 551 հազար դոլարի դրամաշնորհ է տվել։ Սրանով ՊՈԱԿ-ը պիտի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի տարածքում հետազոտություններ անի՝ տարածքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ, մի մասով էլ չափահաս բնակիչների շրջանում իրազեկում անցկացնի։ Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի տնօրենը 2018-ի իշխանափոխության ժամանակ հանրությանը հայտնի դարձած Վաղինակ Սարգսյանն է։ 2018-ի իշխանափոխության օրերին նա խաղաղապահների հրամանատարն էր, ով «Ստալիչնի պոլկից» փողոց հանեց մի խումբ խաղաղապահների եւ, ըստ որոշ աղբյուրների, վճռորոշ դեր խաղաց Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցում․ տեսնելով, որ բանակը միանում է միտինգավորներին, վերջինս վերջնականապես որոշեց գրել դիմումը: 2018-ի հունիսի 11-ին, որպես պարգեւատրում՝ Սարգսյանին նշանակեցին ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, սակայն պատերազմի օրերին՝ 2020 թ․ հոկտեմբերի 26-ին, ազատեցին պաշտոնից, բայց՝ սուսուփուս: Պատերազմից հետո լուրեր կային, որ ԱԱԾ-ում քննվող մի գործով Վ․ Սարգսյանը հարցաքննվել է: Հետագայում նա հայտնվեց այս փափուկ պաշտոնին, որտեղ մեծ պատասխանատվություն ու մեծ ռիսկեր չկան, փոխարենը կան մեծ փողեր։ Մենք 2022-ի տարեվերջին գրել էինք, որ այս ՊՈԱԿ-ում գումարի այնքան ավելցուկ կա, որ անհասկանալի սեմինարներ ու քննարկումներ են անում մարզերում, մեկն էլ կայացել էր Ջրվեժի «Ղարս» ռեստորանում՝ խորովածով-բանով։