«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը շահագործման հանձնվեց
Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը: Նախագծի իրականացման համար նախորդ տարի համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ հատկացվեց:
Դեռևս 1970-ական թվականներին շահագործման հանձնված կառույցը տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում էր: Մաշված ու կոտրված սալիկները վտանգավոր էին դարձել հետիոտնի համար, տարիներ շարունակ տարածքում նաև աղբ էր կուտակվել:
«Երևանի քաղաքապետարանը գետնանցումների վերանորոգման և հիմնանորոգման ծրագիր ունի, որից հետո, իհարկե, շատ կարևոր է գետնանցումների պահպանման հարցը: Մեր մոտեցումն այն է լինելու, որ մենք գետնանցումները հիմնանորոգելու ենք, դրանից հետո դնենք աճուրդի և արդեն տանք պահպանման մասնավոր ընկերություններին»,- նշել է Տիգրան Ավինյանը:
«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը ևս կտրվի մասնավորի սպասարկմանը: Տարածքն արդեն իսկ դրվել է աճուրդի: Համայնքը հստակ պահանջներ է սահմանել. անցումում նախատեսվող առևտրային տաղավարները կլինեն միանման, տնտեսվարողը մուտքերի մոտ կապահովի նաև վերելակների և սանհանգույցի առկայությունը:
«Խորհրդային տարիներին ճարտարապետական լուծումներն այստեղ այնպես էին տրված, որ աստիճանավանդակների թեքությունը թույլ չէր տալիս թեքահարթակներ կառուցել, միակ լուծումը վերելակի տարբերակն է: Անցումն այս պահին աճուրդում է, և հիմնական պայմաններից մեկը մուտքերի մոտ վերելակներ ունենալն է: Մուտքերի մոտ նախատեսվում է նաև սենսորային դռներ, և երբ տարածքը տրվի վարձակալության, այդ ամենն ապահովելու է տնտեսվարողն իր միջոցներով»,-նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:
Նախագիծը մշակվել է այնպես, որ ժամանակին արված լուծումները հիմնականում պահպանվեն, իհարկե, կիրառվել են նաև նոր մոտեցումներ: Անցումն ունի կախովի առաստաղ, լեդ լուսավորություն:
«Նախնական նախագծով նախատեսված էր ուղղակի բարեկարգում, վերատեղադրում և դրանով ավարտ: Սակայն մենք իրականացրեցինք ամբողջական նախագծի փոփոխություն, որոշվեց որ Մաշտոցի պողոտայում առկա բոլոր ստորգետնյա հետիոտնային անցումներն ունենան նույն տեսքը: Դրանից ելնելով՝ մենք ամբողջությամբ պռեսգրանիտով փոխեցինք հատակը, փոխեցինք նաև հենապատերը, աստիճանների ամբողջ հարթակը պատեցինք բազալտով, երկկողմանի պատերն էլ՝ տրավերտինով»,- նշել է Խորեն Գրիգորյանը:
Պատասխանատուները վստահեցնում են՝ հարմարավետ, լուսավոր ու անվտանգ պայմաններ կապահովվեն երևանյան բոլոր ստորգետնյա հետիոտնային անցումներում: Այս պահին իրականացվում են գույքագրման աշխատանքներ, որից հետո համայնք-մասնավոր գործակցության շրջանակում տասնամյակների խնդիրներին փուլ առ փուլ կտրվեն համալիր լուծումներ: