24.11.2024
Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկեցին Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամը
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն այս անգամ ևս չի դիմելու ՍԴ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս անգամ ևս չի դիմելու Սահմանադրական դատարան՝ 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։


Նա նշեց, որ Ազգային ժողովի խորհուրդը մեկ շաբաթով հետաձգել է 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, քանի որ նիստին չեն մասնակցել ընդդիմադիր պատգամավորները։


Միևնույն ժամանակ, Կոնջորյանը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը հարցի վերաբերյալ՝ նշելով, որ իրենց քաղաքական ուժը չի պատրաստվում դիմել ՍԴ՝ հարգելով ՀՀ քաղաքացիների քվեն ընդդիմադիր կուսակցությունների օգտին։


«Նախ հիշեցնեմ, որ Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ պատգամավորների կողմից քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու դեպքում հարցը ավտոմատ կերպով մտնում է խորհրդի նիստի օրակարգ՝ անկախ որևէ մեկի նախընտրության և հայեցողության։ Քանի որ մի խումբ պատգամավորներ նորից գերազանցել էին նստաշրջանի ընթացքում բացակայությունները, հարցը մտել էր օրակարգ։ Մենք խմբակցությունում քննարկել ենք այս իրավիճակը, տարբեր տեսակետներ են եղել խմբակցությունում։ Այնուամենայնիվ, որոշել ենք, որ այս անգամ ևս չդիմենք Սահմանադրական դատարան և հնարավորություն տանք, որպեսզի այն քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, ներկայացված լինեն Ազգային ժողովում։ Այս որոշումը նաև մեր քաղաքացիների քվեի նկատմամբ մեր ունեցած հարգանքի դրսևորումն է», - ընդգծեց Կոնջորյանը։


Հունվարի 13-ի Ազգային ժողովի խորհրդի օրակարգում ներառվել է 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը: